Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/452

Այս էջը հաստատված է

զարգացավ այդ զգացմունքը։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ նրան ծիծաղելի կթվար, եթե մեկը գուշակեր նրա այն դրությունը, որի մեջ գտնվում է այժմ։ Այո՛, կյանքը մի նրբիմաստ, անվերծանելի երևույթ է. որքան խորն ես թափանցում նրա մեջ, այնքան նա գաղտնախորհուրդ է դառնում։ Կարո՞ղ Էր նա երեք ամիս առաջ երևակայել, թե յուր խաղաղ, անդորր, միատեսակ և ձանձրալի դրությունն այսպես արմատապես պիտի փոխվի։ Եվ ի՞նչ է այս զգացմունքը. ի՞նչ մի աներևույթ զորություն է, որ այնքան բռնակալ է և անհաղթելի։ Սիրել և չհուսալ, որ երբևիցե կարող ես վայելել — ոչ, սրանից ավելի ծանր տանջանք երևակայել անհնարին է։

Չարչարված նյարդերին գեթ մի երկու ժամ հանգիստ տալու համար, Ռոստամյանն աշխատում էր մոռանալ յուր ծանր մտքերը — չմտածել բոլորովին կամ մտածել ա՛յլ բաների վրա։ Եվ բորբոքված երևակայությունը քանի մի րոպե նրան, ներկայից անջատելով, տարավ դեպի հեռու, դեպի յուր խորին անցյալը։ Հիշեց նա յուր մայրենի քաղաքն, յուր ծնողներին, յուր մանկությունը։ Ահավասիկ նրանց աղքատիկ տունն, ահա այն ընդարձակ գավիթն, ուր նա ծառերի ստվերում խաղում էր յուր միակ քրոջ հետ, որ այժմ ամուսնացած է և ապրում է մի գավառական քաղաքում, և յուր կրտսեր եղբոր հետ, որ մեռավ մանուկ հասակում։ Ահա նրա նիհար, աղքատության լուծի ներքո տանջված, գեղեցկադեմ մայրը, ահա նրա, արդեն ալեխառն մազերով, միջահասակ, բուն ասիական հագուստով հայրը, որ յուր ամուսնուց ամբողջ քսան տարով մեծ էր։ Ո՛րքան մոլեռանդ քրիստոնյա էր այդ մարդը — առավոտ և երեկո եկեղեցի հաճախող, սուրբ գրքերիՒ ընթերցանությամբ հափշտակվող։ Ռոստամյանը մտաբերեց և՛ այն ձմեռային երեկոները, երբ մի կողմում մայրը գլուխը քաշ կար էր անում, մյուս կողմում հայրը, պատի տակ ծալապատիկ նստած, մեջքը բարձին թեքած, ավետարան կամ աստվածաշունչ էր կարդում բարձրաձայն։ Իսկ ինքն ու քույրը սենյակի մի անկյունում դաս էին սովորում կամ խաղում էին։ Երբեմն նա թողնում էր դասը, նստում էր հոր մոտ և լսում էր նրան։ Նա այժմ ևս պարզ հիշում է հանգուցյալի անհողդողդ, միահնչյուն ձայնը, որ մերթ