ցածրանում էր և մերթ բարձրանում, այն ժամանակ, երբ նա կարդում էր աստվածաշնչի ոգևորիչ հատվածները։
Հիշեց Ռոստամյանն այդ հատվածներից շատերը, հիշեց և այն դարձվածները, որոնք նրա ականջին հնչում էին ավելի հաճախ և որոնց հայրը կարդում էր խորհրդավոր ձայնով և առանձին շեշտելով։
Հանկարծ նա սարսափած վեր թռավ անկողնուց և նստեց:
«Ընդ առնակնոջ ամենևին մի՛ նստեր»,— արտասանեց ինքն իրան։
Ապա նա, ձեռը դնելով ճակատի վրա, հիշեց և մի այլ դարձված.
«Կին արամբի ի կենդանի այր յուր կապյալ է օրինոք»։
Ահա ո՛րտեղ է սկիզբն և աղբյուրը, ահա ինչով պիտի արդարացի համարել Մինաս Կիրիլլիչի և մյուս բոլորի նախապաշարմունքները։ Ինչո՞ւ մեղադրել նրան, ինչո՞ւ անվանել նրան բռնակալ մարդ, անխիղճ հայր։
— Ինչո՞ւ,— կրկնեց Ռոստամյանը,— քանի որ ես եմ, որ հանդգնում եմ ջնջել այս դարավոր պատգամը։
Այո, հակառակորդը զորավոր է, անհաղթելի. դա դարավոր ավանդության և օրենքի անքակտելի կապանքն է... Այս վաղուց հայտնի է Ռոստամյանին։ Բայց սուրբ գրքից հանգուցյալ հոր բերանով արտասանված այդ պատգամը, որ նա այնպես պարզ հիշեց, մի առանձին երկյուղ էր ազդում նրա վրա։ Երկար ժամանակ նա տանջվում էր անկողնի մեջ, իսկ առավոտյան լույսն արդեն սկսել էր թափանցել պատուհանից...
XII
Ուշաթափվելուց հետո, Վարվառեն նույն օրն ու գիշերը զգում էր սաստիկ գլխացավ։ Գլխացավն անցավ, և նրա ամբողջ մարմնին տիրեց մի անսովոր թուլություն։ Բայց նա ուշադրություն չէր դարձնում յուր տկարության վրա, թեև երբեմն երկար չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Կյանքը, որ մի քանի օր առաջ այնքան հրապուրելի էր դարձել, այժմ երևում էր նրան մռայլ մառախուղով շրջապատված։ Ապագան