բաց արավ փողոցի կողմի պատուհանի փեղկերից մինը, կանգնեց երեսը դեպի դուրս՝ մի փոքր մաքուր օդ ներշնչելու։ Փողոցային օդի հով հոսանքը թեթև շոշափեց նրա տաքացած գլուխն ու կիսաբաց կուրծքը. նա զգաց արթնացուցիչ զովություն։
Երեկոն դեռ այնքան ուշ չէր, լսվում էին ձիաքարշի զանգակների հնչյունները, հեռվում անցուդարձ անող կառքերի դղրդյունը և մարդկային խուլ ձայները։ Իսկ ավելի հեռվից թույլ կերպով լսվում էր գարնանային հեղեղներից և լեռնային ձյուների հալոցից հորդացած Քուռ գետի սուր հոսանքը։ Մի ինչ-որ գրավիչ և, միևնույն ժամանակ, ահավոր ազդեցություն էր անում Վարվառեի վրա ընթացող ջրի ձայնը, որ լսվում էր խավար մթնոլորտի մեջ։ Բավական միջոց նա, անշարժ կանգնած, ականջ էր դնում այդ ձայնին։ «Ո՛րքան դժբախտների կյանք է կլանել այդ Քուռը»,— անցավ հանկարծ նրա մտքով։ Նա գլուխը դուրս հանեց պատուհանից, որ ա՛յլ աղմուկների միջից ավելի որոշ լսի Քուռի հոսանքը։ «Ի՛նչ սարսափելի ձայն ունե, շարունակեց նա յուր մտքում, ջրերը շատացել են, ալիքները պղտոր են և կատաղած... Մի րոպեում կարող են խեղդել... Ահա որտեղ կարելի է հանգստություն գտնել։ Մի րոպե, և ամեն ինչ կվերջանա»...
Նա դեռ ականջ էր դնում. մի վայրկյան նա մտիկ արավ դեպի վայր, փողոցի սալահատակին, որ հազիվ հազ երևում էր։ «Ինչո՞ւ Քուռի մեջ. մահը այստեղ էլ հեռու չէ ինձանից. մի թեթև շարժում անեմ, և սալահատակի վրա կընկնի իմ անշնչացած դիակը»։ Այդ վայրկյանին նրա գլուխը պտտեց, նա սարսափած հետ քաշվեց։ Միևնույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սառնություն, և նրա մարմնով անցավ թեթև դողոց։ Զով օդի ազդեցությունն էր այդ, որ մինչև այդ րոպեն ախորժելի էր նրա համար։ Նա պատուհանի փեղկը ծածկեց և հեռացավ դեպի սենյակի ներսը։
Մի ժամ անցած, Վարվառեն մտավ անկողին։ Տաք վերմակի ներքո մեջքի սառնությունն ավելի զգալի դարձավ. նա սկսեց դողալ։ Երկու ամբողջ ժամ տենդից նրա ատամները սաստիկ զարկվում էին իրար։ Հետո նա զգաց ախորժելի ջերմություն և թմրեց։