Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/46

Այս էջը սրբագրված է

Մանուկները չոքեցին երեսները դեպի աղոթարան և նախ «Հայր մեր» ասացին, հետո, Մարիամ բաջու թելադրությամբ, երկրաշարժը չկրկնվելու համար աղոթեցին։ Աղոթքը վերջացավ, երկու ընտանիքները բաժանվեցին։


V


Երկրաշարժը մի անգամ դրոշմելով յուր կնիքը Շամաքսու ճակատին, կարծես, երդվել էր այնուհետև այլևս ձեռ չքաշել նրանից։


Տարիներ անցան, բայց քաղաքը չէր խաղաղում։ Նա նմանում էր ընդարձակ ծովի վրա լողացող մի նաւի, որ խորտակված առագաստներով և փշրտված խարիսխներով թողված ճակատագրի հաճույքին, երերվում է ալիքների մեջ։ Երկիրը, կարծես, մի անգամ կորցնելով յուր ուժը, կարողություն չուներ պահել քաղաքի ծանրությունը։ Ինչպես դաշտում մեծացած վայրենի ձի, որ յուր մեջքը չի կամենում ենթարկել թամքի ծանրության, Շամախու երկիրը շարժում էր յուր մեջքը, համառությամբ հրաժարվելով քար֊քարի վրա թրղնել։


— Սոտոմ֊Գոմորն է,— կրկնում էին ծերունիները, իրանց ալեզարդ գլուխները շարժելով։


Կառավարությունը, տեսնելով, որ քաղաքը չի դադարում, ստիպված եղավ նահանգապետությունը փոխադրեք Բաքու։ Այս եղավ մի ուրիշ հարված, որից հետո քաղաքը միանգամայն հղկվեց կենդանությունից։ Բանի գնաց, այնքան նրա դրությունը թշվառացավ։ Առևտուրն ընկավ, ժողովուրդն օրըստօրե սկսեց աղքատանալ։ Շատերը ստիպվեցին թողնել իրանց պապական երկիրը և գաղթել ուրիշ քաղաքներ օտարության մեջ օրական ապրուստ հայթայթելու։ Մեծ մասամբ գաղթում էին հայերը, որոնք գլխավորապես գնում էին Ղուբա, Դերբենդ, ուր այդ ժամանակները տորոնի արդյունաբերությունը նախանձելի վիճակի մեջ էր։ Իսկ մյուս մասը գաղթում էր Դաղստանի զանազան կողմերը, Պետրովսկ, Վլադիկավկաս, Թեյմուրխան-Շուրա, Բաքու և Անդրկասպյան երկիր։


Այս ընդհանուր գաղթականության ախտը, որ խիստ