Մինաս Կիրիլլիչը խոհարարի վարձը տվել էր և արձակել, որ առավոտյան գա` օգնելու։
Մատրենան յուր աղքատիկ իրեղենները փաթաթել էր մի մեծ սփռոցի մեջ, կապոցը խոհանոցի մի ակյունումն էր դրել ու շտապով հեշտաեռը կրակ էր գցում, որ առանց թեյի չուղևորվեն, թե՛ պարոնն ու տիրուհին և թե, մանավանդ, ինքը։
Մինաս Կիրիլլիչը զարթնեց շատ կանուխ։ Նա շտապով հագնվեց, երկայն ճանապարհորդական կոշիկները ոտներին քաշեց և դուրս եկավ սենյակից։ Նրա դեմքն ուրախ է, աչքերը փայլում են, կարծես Թիֆլիսից հեռանալով, նա հավիտյան իրանից թոթափում է տխուր անցքերի ծանր տպավորությունը։ Երեկոյան նա մի քանի անգամ խոսել էր Վարվառեի հետ ուղևորության մասին։ Նա հասցրել էր աղջկան, թե, արդյոք, ոչինչ տկարության չի՞ զգում, կարո՞ղ է դյուրությամբ ճանապարհորդել։ Վարվառեն նրան հավատացրել էր, թե ինքը բոլորովին առողջ է և թե պատրաստ է ուղևորվել, ուր որ կկամենա հայրը։ Եվ իսկապես նա, ըստ երևույթին, առողջ էր և զվարթ, այտերը փոքր ինչ կարմրած, քայլվածքը սովորականից աշխույժ և ձայնն անհողդողդ, վճռական։
Դեռ վեց ժամն էր. ճեպակառքի գնացքին մնում էր երկու ամբողջ ժամ։ Բայց, իրեղենների շատության պատճառով, պետք էր ժամանակից մի կես ժամ առաջ գնալ և ամեն ինչ տեղավորել։
Մինաս Կիրիլլիչը մի անգամ ևս աչքի անցկացրեց սենյակները, զննեց սնդուկները և կապոցները, թե, արդյոք, բան չի՞ մոռացել։ Հետո նա նայեց ժամացույցին, դուրս եկավ պատշգամբը, ուր խոհարարն սպասում էր տիրոջ վերջին պատվերին։
Նա խոհարարին ուղարկեց շուկա` ճանապարհի համար պատրաստի ծխախոտ գնելու, իսկ ինքն անցավ խոհանոց։
Կռները կրծքին ծալած, յուր կապոցի վրա նստած, պառավ Մատրենան նայում էր խշխշող հեշտաեռին, խորասուզված մտքերի մեջ։ Ինչո՞ւ եկան, ինչո՞ւ են գնում — հարցնում էր նա ինքն իրան։ Երեսուն տարի էր, որ նա ծառայում