Նա տակավին չէր կարծում, թե աղջկա հիվանդությունն այնչափ վտանգավոր է։ Վարվառեն բաց արավ սնդուկը, գնաց յուր սենյակը, այնտեղ մնում էին մի քանի իրեղեններ, որոնց պիտի տեղավորեր:
Մինչ նա զբաղված էր յուր գործերով, ծերունին խոհարարին հրամայեց գնալ երկու կառք բերել, որ իրեղենները ժամ առաջ ուղարկի։ Իսկ Մատրենան, Վարվառեի համար մի բաժակ թեյ ածած, սպասում էր։ Մինաս Կիրիլլիչը ծխելով անցուդարձ էր անում։ Շուտ-շուտ նա նայում էր ժամացույցին և շտապեցնում էր աղջկան, որ գործն ավարտի։ Արդեն յոթը ժամը լրանում էր։ Վարվառեն իրերը տեղավորեց, վերջացրեց և նստեց սնդուկի վրա, որ հանգստանա։ Շնչառությունը բոլորովին թուլացել էր, այտերի կարմրությունն անհետացել։
— Դու շատ հոգնեցիր,— ասաց Մինաս Կիրիլլիչը,— ո՛չինչ, ճանապարհին կհանգստանանք։ Ես վարձել եմ մի ամբողջ ճեպակառք։ Բացի մեզանից, ոչ ոք չի լինիլ։ Խմի՛ր թեյդ:
Վարվառեն, անշարժ նստած, նայում էր հատակի մի կետին։ Նրա շունչն ավելի ու ավելի սպառվում էր. գերբնական ուժ էր հարկավոր նրան, որպեսզի կարողանա զսպել յուր հիվանդությունը։
— Ի՞նչ է, Վարվառե, ինչո՞ւ ծանր ես շնչում...
— Ոչինչ...— ասաց Վարվառեն և, ձեռը հենելով պատին, աշխատեց բարձրանալ։
— Դու տկար ես Վարվառե... Սպասի՛ր, գունաթափվում ես: Մատրենա, օգնի՛ր նրան, հիվանդ է...
Եթե աղախինն և հայրը նույն վայրկյանին չշտապեին մոտենալ, Վարվառեն կընկներ հատակի վրա։ Նա հենվեց աղախնի ուսին։ Մյուս կողմից բռնեց Մինաս Կիրիլլիչր, գոչելով.
— Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց։
Բայց, պատասխանի փոխարեն, նա յուր ձեռի ափի մեջ զգաց դստեր սառույցի պես պաղած բազուկը, որի երակը հազիվ-հազ զարկում էր։ Նա երկյուղով գրկեց աղջկան, նայեց երեսին։ Գույն չկար, շունչ չէր լսվում։