Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/475

Այս էջը հաստատված է

մնալ, խոստացավ նախատել Լազար Մակարիչին և հաշտեցնել։

— Ես չեմ հաշտվիլ նրա հետ,— գոչեց Կատոն,— թող գնա, ուր որ ուզում է, թող ինձանից լավ կնիկ ճարի իրան համար...

Հետևյալ օրը Կատոյի բարկությունն անցավ, և նա խոստացավ մորը, հաշտվել, եթե միայն վերջինը կգնա, Լազար Մակարիչին մի լավ կնախատի և այնպես կանի, որ նա ինքը գա, ներողություն խնդրի...

— Թե չէ, ես նրա մոտ չեմ գնալ,— ավելացրեց Կատոն։

Լազար Մակարիչն առաջին օրը շատ կատաղած էր, բայց երբ Կատոն հակառակեց և գիշերեց յուր մոր տանը, առավոտը սկսեց ափսոսալ, որ այնպես կասկածել էր նրա հավատարմության մասին և այնքան կոպիտ էր վարվել հետը։ Սակայն ինքնասիրությունը նրան թույլ չէր տալիս հաշտության ձեռք կարկառել Կատոյին։ Նա սպասում էր և հույս ուներ, որ կինն ինքը կվերադառնա և ներումն կխնդրի։ Վերջապես, երկու օր անցած զոքանչը ներս մտավ. նա մտքումն ուրախացավ, բայց արտաքուստ այրի Նատալիային ընդունեց սառնությամբ։ Այրին սկսեց համոզել նրան, որ հաշտվի, աղջկա կողմից ներողություն խնդրեց, մեղադրեց Կատոյին և, վերջ ի վերջո, փեսայի համառությունը կոտրեց, հետը տարավ յուր տունը, ուր Կատոն անհամբեր սպասում էր։ Նրանք միասին ճաշեցին։ Հաշտությունն ավելի ամրացնելու համար, Նատալիան նրանց ստիպեց երեք անգամ համբուրել մեկզմեկու։ Սակայն այրին դարձյալ տխրեց։ Ով գիտե, թե ինչ անցավ նրա մտքով, տեսնելով յուր աղջկա դյուրափոխությունը...

Մինչ մարդ ու կին, ճաշից հետո, կես լուրջ և կես կատակի ձևով հանդիմանում էին միմյանց. Նատալիան շտապեց Վարվառեի մոտ։ Կես ժամ անցած վերադարձավ այնտեղից, այս անգամ ավելի տխուր։

— Ինչպե՞ս է,— հարցրեց Կատոն։

Այրին, լուռ, գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։

Հաշտված ամուսինները վերադարձան իրենց տուն։ Այրին