Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/477

Այս էջը հաստատված է

կարող հակառակել — Վարվառեի ամուսնությո՞ւնը, թե՞ սերը։ Այնինչ, այրին, մի փոքր անցած, կրկին ախ քաշեց և ավելացրեց.

— Երանի թե ամենքն էլ Վարվառեի պես արդար լինեին... Աստծուն է հայտնի, ինչպես սիրեցի նրան։

Ավելի նա ոչինչ չասաց։ Բայց վերջին անորոշ խոսքը, որ այրին արտասանեց մի առանձին եղանակով, պարզ արտահայտում էին խղճի բողոքը մանկությունից նրա մեջ արմատացած գաղափարների դեմ։

Ռոստամյանն այլևս ոչինչ չհարցրեց։ Դարձյալ գլուխը թեքեց կրծքին և դարձյալ աչքերը հառեց հատակի մի կետին


XIV

Անցել էր մոտ ամիս ու կես։ Հունիսի սկիզբն էր, տարվա այն ժամանակն, երբ Թիֆլիսի բնակիչները ցրվում են ամառանոցները, քաղաքը դատարկվում է, փողոցները զրկվում են կենդանությունից, շոգն անտանելի է դառնում։

Վարվառեի հիվանդությունն օրից-օր զարգանում էր։ Բժիշկը շարունակ այցելում էր և տակավին սփոփում էր Մինաս Կիրիլլիչին։ Բայց ծերունին նրա ձայնին, դեմքի արտահայտությանն և հիվանդին վերաբերվելու եղանակին ավելի էր հավատում, քան թե խոսքերին, որոնց մեջ չէր զգացվում անկեղծ համոզմունք հիվանդի առողջանալու մասին։ Օրըստօրե հիվանդի գլխատակն ավելի ու ավելի բարձրացնում էին. արյունն այնքան պակասել էր, որ նրա շնչառությունը հետզհետե նվազում էր։ Վերջին ժամանակ բժիշկը միանգամայն նրան արգելել էր երկար խոսել, իսկ հորը խստիվ պատվիրել էր երբեք տխուր դեմքով չերևալ նրա առջև և երբեք որևէ բանով չհուզել նրան։

Այնինչ, Վարվառեն ո՛չ բժշկի խորհուրդների վրա էր ուշադրություն դարձնում և ո՛չ յուր հոր խնդիրն էր լսում։ Նա անդադար խոսում էր, լսում էր, ծիծաղում էր, ուտում և խմում էր այն, ինչ որ արգելված էր, և եթե չէին տալիս,