ձեռիցս չես պրծնի, իմացիր, որ այնքան ոտներիդ կծեծեմ, որ կաշին կթափվի, կարմիր միսը կմնա։
— Աչքիս վրա, վարպետ, մի ջուր անեմ, որ քեֆդ գա,— պատասխանեց Սեյրանը։
Նախընթաց օրը Սեյրանը սաստիկ ծեծ էր կերել և այս պատճառով խիստ նեղացած էր վարժապետից։ Նա մտածեց այս ծեծի փոխարեն մի լավ խաղ խաղալ վարժապետի գլխին։ Օգուտ քաղելով վերջինի խոսքերից «դասդ ջուր կանես», Սեյրանը մյուս օրը գիրքը պահեց Առաքելի աղբյուրի տակ այնքան, որ նա թրջվելով բոլորովին «ջուր դառավ»։
— Առ, վարժապետ,— տվավ նա գիրքը Սարգիս վարպետին։
— Այդ ի՞նչ ես արել,— հարցրեց վերջինը զայրացած:
— Ջուր։
— Այ դու սատանի ճուտ, ինձ ձեռ ես գցե՞լ։ Պահեցե'ք դրա ոտները, պինդ պահեցեք, էնպես, որ իսկի տեղից ժաժ չգա։ Այս վերջին ծեծն էր, որ Սեյրանը կերավ Սարգիս վարպետի կողմից։
Մյուս օրը որքան նրան ստիպեցին, այչևս չհամաձայնվեց ուսումնարան գնալ։ Հայրապետը, տեսնելով, որ էլ ճար չկա, դուրս բերավ նրան ուսումնարանից և հանձնեց Բարխուդարին, որ սա դերձակություն սովորեցնի նրան։ Այսուամենայնիվ երեք տարվա ուսումը շատ էլ անօգուտ չեղավ Սեյրանի համար. նա սովորել էր քիչ թե շատ ուղիղ կարդալ և գրել։
VI
Բարխուդարը չընդդիմացավ Գյուլնազի առաջարկության, այն է — Սուսանին Հերիքնազ կույսի ուսումնարանը տալու։
— Վնաս չունի, թող Սուսանս էլ սև ու սպիտակը ճանաչի, էս ժամանակում հարկավոր է, ինչ պիտի անենք: Ես ու դու, որ գրել ու կարդալ իմանայինք, էսօրվա պես