եք բերում իրրև կատարելագույն մի հրեշ, որի հետ ոչ թե միայն ձեր նկարագրած կանայք, որոնք սովորաբար հրեշտակներ են լինում, այլև քառասուն պոզ ու պոչ ունեցող սատանան էլ չի կարող ապրել։ Նախ՝ միշտ այդպե՞ս է լինում արդյոք։ Հետո՝ դա ինչ փտած ձև է, որ շուն ու կատու դառած ամուսինների մեջ անպատճառ ներս եք խոթում մի երրորդ անձնավորություն, որին և հանձնում եք ծանրության կենտրոնը։ Այդ միջանկյալ անձնավորությունը անպատճառ կնոջ սիրահարն է։ Առանց սիրահարի ամուսնական խնդիրը չի լուծվում, մինչև անգամ իսկի խնդիր էլ չի լինում, ձեր կարծիքով։ Կինը հրեշտակ, մարդը հրեշ, սիրահարն իդեալիստ, անարդարության և հասարակաց կարծիքի դեմ բողոքողի կնիքը ճակատին։ Կինը մեռնում է թոքախտից, ամուսնու ճիրանների մեջ, սիրահարը վազում խելագարվում է սիրած կնոջ գերեզմանի վրա, իսկ հրեշ ամուսինը երկուսի գլուխն ուտելուց հետո էլ շարունակում է իր ուրախ և անհոգ կյանքը։ («Պայքար», էջ 81-82)։
Ակնհայտորեն Նար-Դոսը «թաքստոցից» նետեր է արձակում «Արամբին» վեպի վրա։ Նա թերագնահատել է «Արամբին» և տենդենցիոզ կերպով խտացրել գույները։ Վեպում հերոսուհու ողբերգությունը սկսվում է մինչև սիրահարի հանդես գալը, մարդկային բարոյական հողի վրա, իսկ հերոսների ողբերգության պատճառները սովորական սիրային բարդությունների սահմաններից դուրս գալով ընդունում են հասարակական֊սոցիալական հեներ։ Հենց այս կողմը չի նկատում Նար-Դոսը։
«Արամբին» տպագրվել է Շիրվանզագեի երկերի ժողովածուներում, ռուսերեն առաջին անգամ լույս է տեսել 1957 թվականին, երեք հատորյակի առաջին հատորում։ Տպագրվում է 1973 թվականին հրատարակության տեքստով։