Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/51

Այս էջը սրբագրված է

Նա ավելի տգեղ էր քան գեղեցիկ, բայց և այնպես խիստ համակրելի դեմք ուներ։ Նրա մուգ կապտագույն աչքերը, որոնց մեջ փայլում էր բնածին նրբամտություն, խիստ ազդող էին։


Սուսամբարը գլուխը քարշ գցած, շտապով գուլպա էր գործում լուռ ու մունջ։ Լուռ էր նույնպես և Սուսանը։ Օրն անցած էր։ Արեգակը շտապում էր ծածկվել հորիզոնի տակ, յուր վերջին պղնձագույն ճառագայթները տարածելով ավերականման քաղաքի բարձրագույն տեղերի վրա։


Սուսանի դեմուդեմ, խորտակված պարսպի մոտ գտնվող բարձրաբույս թթենու կանաչազարդ կատարի վրա հավաքված ճնճղուկները, ճլվլալով զվարճանում էին արեգակի թույլ ճառագայթներով։ Բակում տիրող խորին լռությունը խանգարվում էր միմիայն ճնճղուկների ճլվլոցներով, որ քանի գնում, այնքան զորեղանում էր։ Ծառի տակից նայելով այդ փոքրիկ թռչնիկներին, լսելով նրանց աղմուկը, կարելի էր կարծել, թե նրանք մի ինչ որ բանի վրա վիճաբանում են, այնքան տաքացած ճլվլում էին։ Բայց թե ինչ բանի մասին է նրանց վիճաբանությունը, ինչ մի դժվար փիլիսոփայական խնդիր են լուծում այդ փոքրիկ թևավորները — այս մեր խելքին մոտ բան չէ։ Ով գիտե, շատ կարելի է նրանց աղմուկի պատճառը թաքնվող արեգակն է, չէ որ նրանք միևնույն ճլվլոցները, աղմուկը սկսում են և առավոտները, երբ արեգակը նոր-նոր սկսում է բարձրանալ հորիզոնը։


Օրիորդները լռությամբ շարունակում էին գործել։ Սուսանի դեմքը տխուր էր։ Նա երբեք գլուխը չէր բարձրացնում, միայն կնճռոտած ճակատը և սեղմված շրթունքները հաստատում էին, թե նա ինչ-որ մտածողության մեջ է։ Սուսամբարը շուտ-շուտ գլուխը բարձրացնում էր, աջ ձեռքով ճակատի վրա թափվող խոպոպ ծամերը հետ քաշում և երբեմն յուր հայացքը մեխում Սուսանի երեսին։ Վերջինս այդ չէր նկատում։


Վերջապես Սուսամբարը մի կողմը շպրտեց գուլպան։


— Ախչի, Սուսան, սիրտս ճաքեց, դեն գցիր զահրումարը, քիչ խոսենք։