Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/53

Այս էջը սրբագրված է

Սեյրանի հետ սիլիկ-բիլիկ էր անում,— ավելացրեց Սուսամբարը, խորամանկությամբ ժպտալով։


Սուսանը ակամա կարմրեց։ Այս առաջին անգամը չէր, որ նա Սեյրանի անունը լսելիս կարմրում էր։


— Հը՛մ, ինշպես է, կարմրեցի՞ր, բարեկամ։ Չլինի սրտիդ փափուկ տեղին դիբա։


էլի՞, Սուսամբար… ա՛խ, երեխայությունդ չես մոռանում, չէ:


— Սուտ եմ ասո՞ւմ։ Թե որ սուտ է, բաս ինչո՞ւ կարմրեցիր անունը տալիս։


— Ո՞վ է կարմրում, ախչի, ի՞նչ սուտ խոսողն ես,— հակառակվեց Սուսանը, ավելի կարմրելով։


— Թշերդ ալ լալազարի պես հուփ հըռշնել են, էլի վզով չես առնում։ Լավ է, լավ, խեղճ ես, մի՚ ամաչիր, էլ անունը չեմ տալ,— ասաց Սուսամբարը, հեգնորեն ժպտալով։


— Հողս կուժ ծախողանց Սեյրանի գլխին, նա ո՞վ է, ի՞նչ մարդ է, որ նրա անունը տալիս ես ամաչեմ,— պատասխանեց Սուսանը բարկացած, ավելի ու ավելի շփոթվելով։


— Օհո՛, ինչ ասացի՛ր, որ հեր ու մերդ լսեն, քեզ ի՞նչ կանեն, գիտե՞ս։ Ի՞նչպես ես սիրտ անում նշանածիդ համար անեծք անել։


Սուսամբարը այս ասաց դիտմամբ, որ ավելի բարկացնի Սուսանին։ Բայց Սուսանի բարկությունը անցել էր։ Նա, յուր խոսքերը արտասանելուց հետո, հանկարծ ընկավ մտածմունքի մեջ. «Ճշմարիտ, ինչպես եմ սիրտ անում հոր ու մոր մի հատ աչքի լույս ու ճար տղի համար այսպես անեծք անել»,— անցավ նրա մտքով և մի անբացատրելի զգացմունք սկսեց ճնշել նրան։


— Էհ, ի՞նչ ես ֆիքր անում, մեր օրին հո չես մնացել։ Մի մատ երեխա ժամանակդ քեզ նշանել են, այսօր էգուց էլ սարքին-կարգին նշան դրեք կանեն ու զուռնաղավալով կպսակեն։ Մեզ պես հո աչքդ ճանապարհին չի մնացել։


Սուսամբարը կրկին կամենում էր բարկացնել Սուսանին։