Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/56

Այս էջը սրբագրված է

— Գողություն։


— Չէէ՜:


— Հաա', Հըմ, ի՞նչ աներ, որ գողություն չաներ, ասում է, անճարը կերել է բանջար։ Երկու թե երեք ամիս էր դուքանի քրեհ չէր տալիս, դե, տասը կորիզ չունի, տասը մանեթ որտեղից տա մի տուն երեխերքի տեր մարդը։ Անջախ մի կտոր ցամաք հաց է կարողանում աշխատել օրական, մի ջուխտ չմուշկ խշտելով։ Դուքանի տերը չոքում է բողազին, թե աղջիկ ես՝ ծնիր, տղա ես՝ ծնիր, քրեհը տուր։ Դես ու դեն է ընկնում Վարաքը, օչով տասը մանեթ փող չի հավատում նրան։ Երեկ չէ, մեկէլ օրը տերը դալիս է ու ասում, «եթե էգուց մինչև սհաթի տասը փողերս չտաս, դուքանից դուրս եմ բերելու ու ապրանքդ էլ ծախելու եմ, որ քրեհս հանեմ»։ Վարաքի փոխանը ոտներն է ընկնում, հա դես, հա դեն, աղաչում-պաղատում է, ասում է. երեխերքս սովածությունից մեռնում են։ Չի լինում, դուքանի տերը խեղճի երկու ոտը մի չումուշկում է դնում։ Առավոտը Վարաքը կոտրված փշրված սրտով, մի կտոր ծաղկած հաց ծոցում դրած, գնում է դուքան։ Գնում է ու մտքումը աղոթք անում. «աստված, դու երկնքից ինձ համար տասը մանեթ փող գցես, որ պարտքիցս ազատվեմ»։ Հենց նոր Վարաքը սկսած է լինում աշխատելու, մի թուրք բեկ մտնում է դուքան։ Բեկը նրան մի ջուխտ սաղրի չմուշկ է պատվիրում կտրելու։ Վարաքը չափսը վերցնում է, թուրքը ջրից հանում է արծաթի փողով լցրած մի մեծ քսակ, որ չմուշկի բեհը տա։ Բեհը տալիս է ու դուրս գնում։ Բայց չեմ իմանում ինչպես է լինում, ինչպես չի լինում, փողի քսակը մոռանում է ու թողնում ղազգյահի վրա: Նրա դուրս գնալուց հետո Վարաքի աչքը ընկնում է քսակի վրա։ Սոված գայլի պես, խեղճ կոշկակարի աչքերը դրուստ չորսանում են։ Առաջ ուզում է, որ բեկին կանչի ու փողը տա իրան, բայց մեկ էլ մտածում է. «բալքա» հենց աստված իմանալով է թուրքին մոռացնել տվել, որ ես նրա փողերով ազատվեմ»։ Ասում է ու, մի խոր թառանչ քաշելով, քսակը բանում է ու փողերը համարում։ Դրուստ տասներկու մանեթի աբասիներ ու երեք շահանոցներ են լինում։ Վարաքը դողդողալով քսակը կոխում է մինդարի