Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/58

Այս էջը սրբագրված է

Սուսի, դու նրա տեղը լինես, չես ուռչի՞լ։— Հավատացի՛ր, որ կուռչես։ Տե՛ս, մի բան ասեմ։ Մենք հիմա երկուսս էլ աղքատ ծնողների աղջիկներ ենք, կարողանում ենք պարզ սրտով իրարու հետ խոսել: Բայց Զառնշանի հետ չեմ կարող պարզ լինել։ Գիտե՞ս ինչու։ Նրա համար, որ ես նրա հետ խոսելիս ուշք ու միտքս հենց նրա շորերի, ոսկիների վրա է լինում, էլ սիրտս խաղաղ չի լինում, որ կարողանամ հետը անկեղծ լինել։ Ես Զառնշանին աչքով աչք չունիմ տեսնելու, բայց քեզ սիրում եմ, ինչու որ, դու էլ ինձ նման աղքատ մարդու աղջիկ ես։ Դրա համար եմ ասում, որ թե աստված լինիմ, մեղա աստուծո, հարուստներից կառնեմ իլած չիլածները ու ծովը կթափեմ, որ ամենն էլ մեզ պես աղքատ լինին։ Թե որ ամենն էլ աղքատ լինին՝ լավ կլինի, էլ ոչ ոք ուրիշին չի նախանձիլ։ Դե', որ նախանձ ասած բանը չլինի աշխարհիս երեսին, այն ժամանակ ամենին էլ իրարու հետ պարզ կլինեն, իրարու կսիրեն, ինչպես ես ու դու։ Իմ կարճ խելքովս այս քան եմ հասկանում։ Դու ի՞նչ կասես, Սուսի։


— Բո խելքը կարճ չի, Սուսամբար, դու կարգին վարպետի հասկացողություն ունիս։ Դա ո՞րտեղ ես սովորել։ Կույսը իսկի մեզ այդպիսի բաներ չէր ասում։


— Հողս կույսի գլխին, նա ինչ է հասկանում։ Ումից պիտի լսեի, ես ինքս եմ երկար ու բարակ մտածել ամենը։


— Դե որ այդքան բաներ ես հասկանում, մի բան հարցնեմ, կարո՞ղ ես պատասխանել։


— Երկուսը հարցրու, թե որ կարողանամ, կպատասխանեմ։


— Մեր ծնողներն ինչու են մեզ գողերի պես փակած պահում։


— Հե՛չ, էլի քո էշդ քշեցի՞ր, փորացավդ իմանում եմ։


— Չէ, Սուսամբար, քո արևը փորացավ չունիմ։


— Գիտես ի՞նչ, Սուսան, մեր ծնողները շատ անխելք են։


— Ինչո՞ւ։


— Որ մեզ տանը թաքցնում են։ Մին հարցնող լինի նրանցից, թե ես աղջիկ, որ իմ սրտումս ծուռ բան լինի, չե՞մ