Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/61

Այս էջը սրբագրված է

մտածում։ Ոչինչ և ամեն ինչ։ Շատ բաներ էին անցնում նրա մտքով, բայց ոչ մեկը նրանցից երկար ժամանակ կանգ չէր առնում նրա գլխում։ Նրա պատանեկական վառվռուն երևակայության մեջ անցյալ կյանքից նկարվում էին տեսակ֊տեսակ պատկերներ, որ շուտապտույտ կալեյդոսկոպի նման շրջաններ անելով, փոխարինում էին իրարու։ Սկզբում նա մտաբերեց յուր մանկության օրերը դեռ երկրաշարժից առաջ։ նա հիշում էր այն լուսնյակ երեկոները, երբ ինքը յուր մոր կշտին սրահում նստած, ուշագրությամբ լսում էր վերջինի պատմությունը լուսնի և երկնքի մասին։ Սուսանը բառ առ բառ մտաբերում է այդ պատմությունը, որին այժմ էլ հավատում է։ Նա հավատում է, որ երկինքը առաջ երկրին շատ մոտ է եղել, այնքան մոտ, որ մարդու ձեռքը հասել է. բայց մի անգամ մի կին երեխայի տեղը սրբել է լավաշով ու գցել դուրս։ Աստված տեսնելով, որ կինը իրան տրված առաջին պարգևը, հացը, այդպես ապականում է, բարկացել է, երկինքը վերցրել է ու հեռու քաշվել։ Իսկ լուսնի մասին Սուսանը մտաբերում է, որ նա, այսինքն լուսինը, Մարիամ աստվածածնի աղջիկն է եղել առաջ։ Թե նա զարմանալի գեղեցկություն է ունեցել, այնպիսի գեղեցկություն, որ մարդիկ նրա երեսին մտիկ անել չեն կարողացել։ Թե ով որ ուզեցել է մտիկ անել, նրա աչքերը լուսից և գեղեցկությունից կուրացել են։ Թե մի օր Մարիամ աստվածածինը, լոշ թխելու համար խմոր հունցելիս նրա քաղցած որդիքը հավաքված են եղել իրանց մոր շուրջը։ Սրանց մեջ եղել է և աղջիկ Լուսինը։ Լուսինը շատ անհամբեր աղջիկ է եղել։ Նա գնացել է եկել ու յուր մոր, Մարիամ աստվածածնի գլուխը ցավացրել, թե «շուտ արա, մայրիկ, շուտ արա, լոշը թխիր, քաղցած եմ»։ Վերջապես, Մարիամ աստվածածինը համբերությունից դուրս է եկել, բարկացել է և խմորաթաթախ ձեռքով մի ապտակ է տվել Լուսնի գեղեցիկ երեսին։ Խմորի կտորները կպել են Լուսնի երեսին ու մինչև այժմ էլ չորացած մնում են։


— Այ, ղորթ որ հրեն, քանի-քանի տեղեր արատներ են մնացել,— ասաց ինքն իրան Սուսանը, նայելով լուսնի երեսին։