Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/69

Այս էջը սրբագրված է

— Ինքը… էն էն էն անաստվածը, տեսնեմ, Սուսանիս թևից բռնած, ուժով ներս է քաշում, գոռգոռալով ու ոտները գետնին խփելով։


— Այ մարդ, ի՞նչ պատահեց,— հարցնում եմ ես վախեցած, տեղիցս ոտքի թռչելով։


— «Ա՛ռ, ա՛ռ, աննամուս աղջկանդ։ Ա՛ռ, աչքդ կոխիր ու մի քար էլ վրեն դիր, ա՛ռ»։


— Այս որ ասում է, հարայ տալով, խեղճ երեխիս ճընթռ շորի պես շպրտում է ինձ վրա։ Մարիամ բաջի, նրա աչքերը կարմրել էին, ինքն էլ հրսից մի սփրթնել էր, ինչպես էս ալյուրը։ Էն որ Սուսանս է, էլ նրանում ջան չկար, կասես գերեզմանից դուրս եկած լիներ։ Հետո…


— Հետո՜, հետո՜, հետո՜,— կրկնեց անհամբերությամբ Մարիամ բաջին։


— Հետո, Մարիամ բաջի, ախ էլ ի՛նչ հետո։ Թշնամիդ, աչքիդ գրողը էն սհաթին Գյուլնազի տեղը լիներ։ Էն անաստվածը, էն քարասիրտը, էն էն մոլթանին մի ձեռով բռնեց Սուսանիս մազերից ու մեկէլ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել…


— Օ՜ֆ, ջան, ջան բալաս, մի՛ ասի, ոչ լսեմ, քոռանամ,— բացականչեց Մարիամ բաջին, երկու ձեռները ծնկներին խփելով։


— Էլ ինձանում կենդանություն չմնաց,— շարունակեց Գյուլնազը,— վազ տվի առաջ, որ երեխիս առնեմ գազանի ճանկից, ամա ինչ կարող էի անել։ Աչքերը մարդ չէին տեսնում, նա կրծքիս մին կոփեց, մին կոփեց, որ շունչս կտրվեց, վայր ընկա։


— Ջան, ջաան, ջան բալաս։


— Ուֆ, Մարիամ բաջի, Գյուլնազը էն մինութին տեղն ու տեղը հոգին փչեր հազար անգամ լավ կլիներ, քան աչքերը բաց տեսներ, ինչ որ տեսավ։ Ջալլաթբաշիի կռնատակին Սուսանիս երեսը հալավիդ ռանգի պես կապուտ կապտել էր։ Աչքերն էլ արյունի չանախներ էին դառել, հենց էիր իմանում, որ այդ է, պիտի դուրս պրծնին։


— Ախար, այ քարասիրտ, ի՞նչ է արել,— հարցնում եմ