Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/72

Այս էջը սրբագրված է

կրկին քաշեց երեսին և սկսեց հեկեկալ խեղդված ձայնով։


— Լաց մի' լինիր, բալաս, կլավանաս, ինչ կա, փառք աստուծո, ինչ անենք, հերը աղջկան կթակի էլի, մենք էլ քեզ պես շատ ենք թակվել ու հիվանդացել։


Բայց այս անգամ Սուսանի արտասուքի պատճառը յուր մարմնի ցավը չէր, այլ նա տանջվում էր բարոյապես։ «Երանի թե ես էլ ձեզ նման թակվեի, խայտառակվեցի, աստված», մտածում էր նա։


Մարիամ բաջին և Գյուլնազը մի քանի րոպե խոսեցին, խորհեցին, վիճաբանեցին և վերջը այն եզրակացության եկան, թե անպատճառ և առանց հետաձգելու հարկավոր է դալլաք կանչել։


IX


Բարխուդարը առավոտր բազար գնալիս, Հայրապետին պատմեց երեկվա անցքը։ «Թե որ տղիդ կապը չքաշես,— ավելացրեց նա,— որ մին էլ էս ղալաթները չանի, էլ ոչ ես, ոչ դու, Հայրապետ. մեր բարեկամությունը կկտրվի մինչև հավիտենական դուռը»։


Լսելով այս խոսքերը, Հայրապետը բազարի մեջ մնաց տեղն ու տեղը։ Նա մի քանի վայրկյան ոչ կարողացավ շարժվիլ, ոչ կարողացավ խոսիլ, միայն գլուխը ծռեց դեպի աջ ուսը, հոնքերը վեր քաշեց, աչքերը չռեց, ծնոտը լախացրեց և ապշած սկսեց նայել Բարխուդարին, որ այդ միջոցին մի քանի քայլ առաջ էր գնացել։ Տեսնելով որ յուր հարևանը կանգնեց, ինքն էլ հետ նայեց և նրա հայացքը ընկավ ուղիղ Հայրապետի դեմքին։


— Հը՛մ, ցուրտ է, բաս, սառած կմնաս բաս չէէ՛։ Ականջներդ բաց արա ու լավ լսիր, թե որ լակոտիդ ջլովը ձեռդ չառնես, մեր բանը վերջացած է։


Հայրապետը դարձյալ ոչինչ չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան ևս զարմացած մտիկ տվավ ու վազեց։


«Գնաց, որ տընդըզի, թո՛ղ տընգըզի, ախ, թե իմ էլ ձեռս