Շները անդադար թափահարում էին իրանց փեշերը, որ ճանճերին փախցնեն. «տը՜զ» թռչում էին ճանճերը մի վայրկյան և կրկին նստում իրանց տեղը, որ նորից սկսեն ծծել խեղճ կենդանիների արյունը։
Մերթ ընդ մերթ փողոցի մելամաղձոտ լռությունը ընդհատում էր ամբողջ քաղաքին ծանոթ, բուխարու հին գդակներ գնող, կարճահասակ, չալ միրուքով, սպիտակ ատամներով, հաստ ու կարմիր շրթունքներով, հնդիկ Բաշիրի հաստ ու խռպոտ ձայնը։ «Քպհնա փըփախ, քոհնա փըփախ»,— գոռում էր նա, կանգնելով այս ու այն տան դռների առաջ և, հոնքերը վեր քաշած, նայում դեպի բակը։ Բակերում խաղացող մանուկները, լսելով նրա տարօրինակ ձայնը, «այ բաջի, այ դադաշ, ղարա Բաշիրը եկել է, որ մեզ տանի դևի մոտ», աղաղակում էին նրանք ու փախչում էին ներս։ «Ղարտ Բաշիրի» ձայնին հետևում էր նույնպես ամբողջ քաղաքին հայտնի «թեփ առնող» Թաղիի ձայնը։ Ահա՛ հրեն էէէ, Թաղին, մի չվալ թեփ շալակած, մեջքից երկու ծալ ծռված, ան քտնքալով անցնում է այս փողոցից դեպի մյուսը, ուժասպառ ձայնով բացականչելով. «սաթտըղ քյափաակ оլան»։ Եվ Թաղիի ձայնը, որ, կարծես, հորի խորքից է դուրս գալիս, տարածվելով «Խարաբա շահարի» առանց այն ևս մռայլ ավերակների վրա, կրկնապատկում էր նրանց մռայլությունը։
Մարիամ բաջին այդ ժամանակ իրանց բակում պատի ստվերում նստած կար էր անում։ Նա նստած էր երեսը դեպի բակի փլատակված պարիսպը դարձրած։ Բակում ուրիշ ոչ ոք չկար, միայն խոհանոցի առջև հավաքվել էին հավերն ու աքաղաղները և կուտկտում էին գետնին թափված խաշած բրինձները և երբեմն կչկչալով իրարու կտցահարում։
— Քիիշշշ, քիիշշշ ա՛յ անտեր մնաք, ուֆ, մարդու սիրտ կճաքացնեք դուք,— բացականչում էր շուտ֊շուտ Մարիամ բաջին հավերի վրա, յուր կշտին դրած բարակ ճիպոտը գետնին չփացնելով։
Մարիամ բաջոլ միտքը այդ րոպեին զբաղված էր, այդ պատճառով նա շուտ-շուտ բարկանում էր հավերի վրա, որ խանգարում էին նրա մտածմունքները։