Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/8

Այս էջը սրբագրված է

ասած՝ Րաֆֆին հայրենասիրական պաթոսով բորբոքում էր ազատության կայծերը, Պռոշյանը ջրի էրեսն էր հանում գյուղի ցեցերին։ Երկու այս ուղղության երկերն էլ անշուշտ ունեին իրենց խոշոր դերը (և այժմ էլ ունեն ճանաչողական մեծ արժեք), բայց, որպես վիպագրություն, հնավանդ էին թե կառուցվածքի, թե ռեալ կոնֆլիկտների և թե ճշմարիտ ու նուրբ հոգեբանության առումով։ Արվեստով հավաք, սուր ու ոեալիստական էր, իհարկե, Պատկանյանի արձակը, սակայն մեծ մասամբ բարբառային լինելով, այն կարծես դուրս էր մնում մեր արձակի ընդհանուր հունից։


Եվ ահա երիտասարդ Շիրվանզադեն մեր գրականության մեջ մտավ մի նոր թեմայով՝ արդյունաբերական քաղաքով, այդ քաղաքի գործարանի հրդեհով, մի հրդեհ, որ լուսավորում էր մի նոր իրականություն, որը և այնուհետև պիտի դառնար մեր վիպագրի ստեղծագործության կարևոր ոլորտը, նրա ռեալիստական ստեղծագործության բովանդակությունը։


Շիրվանղադեն բերեց նոր թեմատիկա, նոր որակ և նոր ոճ։


Ճշմարիտ է, նրա առաջին երկերը արվեստի և լեզվի կողմից տակավին թերի էին, բայց նոր էին նկարագրված միջավայրով, մարդկային հարաբերություններով և հարուցած խնդիրներով։ Դրանց մեջ կար մանավանդ նոր ժամանակների շունչը, արդյունաբերական քաղաքի կյանքը' իր եռուզեռով, հարստանալու նկրտումներով, ինչ որ չէր կարելի նկարագրել այլևս մեր վիպագրության մեջ ընդունված եղանակներով։ Նոր նյութը պահանջում էր նոր եղանակ և նոր ոճ։ Ռեալիզմ… ճշմարիտ, անխառն ռեալիզմ։ Եվ այս գործում երիտասարդ հեղինակին օգնել էին անշուշտ ռուսական և ֆրանսիական մեծ ռեալիստները, որոնց ջանադիր ընթերցողն էր եղել նա։ Բաքուն իր կոնտրաստներով սրել էր Շիրվանզադեի ոչ միայն դիտողականությունը, լայնացրել մտահորիզոնը, այլև օժտել էր նրան քննադատական ոգով, ինչ և դարձավ նրա համար ղեկավար սկզբունք։


Շիրվանղագեի առաջին իսկ պատմվածքները («Հրդեհ նավթագործարանում» և «Գործակատարի հիշատակարանը») արժանացան հասարակության ջերմ ընդունելության։ Եվ երիտասարդ գրողը, այդ լավ ընդունելությունից ոգևորված, միմյանց հետևից—մի տասնամյակի ընթացքում—դրեց ու հրատարակեց իր վիպական գործերի մեծ մասը՝ «Նամուս», «Արամբին», «Զուր հույսեր», «Արսեն Դիմաքսյան», «Ցավագար» վեպերը և պատմվածքների մի շարք:


«Հրդեհից» հետո, որ մի անսյուժե նկարագիր էր անկատար լեզվով, Շիրվանզադեի ընդգրկումը գնալով մեծանում էր։ Այժմ նա Բաքվի հետ միասին նկարագրում էր նաև Թիֆլիսի և իր ծննդավայր Շամախիի իրականությունը։ Գրքից-գիրք ընդարձակվում էր նրա տեսադաշտն ու մտահորիզոնը, խորաթափանց էր դառնում նրա հայացքը՝ դիտողականությունը, ուստի և շոշափած հարցերը ընդունում էին սոցիալական շեշտված երանգ, խորանում էր կերպարների բնութագրումն ու հոգեբանությունը, զտվում էր լեզուն, մի խոսքով՝ բարձրանում էր վարպետությունը: