Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/93

Այս էջը սրբագրված է

գոռաց, վերջապես, Հայրապետը, հարձակվելով յուր որդու վրա և բռնելով նրա կոկորդից։

— Հեռացի՛ր,— հրեց ձախ ձեռքով յուր հոր կրծքին Սեյրանը։ Ո՛չ քեզանից եմ վախենում, ոչ էլ նրանից։ Ի՞նչ եք ուզում ասել։

Հայրապետը կրկին մոտեցավ նրան և, այս անգամ բռնելով երկու ձեռներով նրա փեշերից, ասաց.

— Համեցեք, համեցեք աղբեր, դուրս կորիր էլի, չեմ ուզում, դու իմ որդիս, դու իմ սոնկս չես, աղբեր, կորիր էլի, փի՛եե...

— Թո՛ղ, ես կռիվ չեմ անում, թող որ սրտիս ուզածն ասեմ..․

Հայրապետը նրա բերանը սեղմեց մի ձեռով, իսկ մյուսով սկսեց նրա գլխին բռունցքներ տալ։

Ներս վազեց Մարիամ բաջին, ճչալով և գլխակոր ընկավ յուր ամուսնու ու որդու մեջ։ Սեյրանը մի հարված տվավ յուր հոր կրծքին, ազատվեց նրա ձեռից ու դուրս փախավ, գոռալով.

— Կտոր-կտոր կանեմ ես այն մարդուն, որ կհամարձակվի Սուսանին խլել իմ ձեռքից։

— Պարծեցի՛ր, պարծեցի՛ր, Հայրապետ, լավ տղա ունես։ Մնաս բարով,— ասաց Բարխուդարը և գդակը դնելով դուրս եկավ։

— Քանդվե՜ց տունս,— բացականչեց Հայրապետը և թուլացած ընկավ մինդարի վրա։

XII

Բարխուդարի և Հայրապետի բարեկամության կապը կտրվեց։ Երկու ընտանիքները, որ այդքան սիրում էին, որ այդքան ընտելացել էին իրարու, երկար տարիներ միասին ապրելով, անջատվեցին։

Գյուլնազը, ցերեկները մենակ նստած, մտաբերում էր այդ հին բարեկամութչունը, մտաբերում էր և շատ անգամ լաց լինում։ Բայց նա դեռ հույս ուներ, որ դարձյալ կարող է վերականգնել այդ բարեկամութչունը։ Նա կարծում էր, թե