Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/97

Այս էջը սրբագրված է

սիրում, դու էլ ինձ։ Այնպես չէ՞։ Գնա՛նք ուրիշ քաղաք, Սուսան, գնա՛նք, փախչենք։

— Փախչե՞լ, բա՛ց թող Սեյրան, դու գժվել ես։

— ՉԷ, խելքս գլխումս է, ես հասկանում եմ, ինչ եմ ասում։ Դու ինձ խոսք տուր, ես հենց այս շաբաթ կփախցնեմ քեզ։ Ես շատ ընկերներ ունեմ, նրանք ինձ կօգնեն։

— Տեսնում ես, որ Սուսանը մեռած է, ո՞րտեղ պիտի տանես նրան։ Տես ի՛նչ օրն եմ ընկել։

Նրանք կանգնած էին խոհանոցի դռների առաջ։ Ճարպի մոմը, որ վառվում էր ներսում, թույլ կերպով լուսավորեց Սուսանի դեմքը, երբ վերջինը երեսը շուռ տվավ դեպի խոհանոց, որպեսզի ցույց տա Սեյրանին յուր դեմքը։ Սուսանը նիհարել էր, դեղնել։ Նրա առաջվա բոցավառ այտերը հալվել էին, կաշին թուլացել էր ու տեղ֊տեղ ծալծլվել։ Նրա շրթունքները կապտել էին և սեղմվել, իսկ խոշոր աչքերի մեջ փայլում էր խորին հոգեկան տանջանք։ Երբ Սեյրանը նրա երեսին նայեց` մարմնով անցավ մի սարսուռ։ «Տեր աստված, տեր աստված, Սուսանը ձեռիցս դուրս է գալիս», անցավ նրա մտքով, բայց նա աշխատեց զսպել յուր երկյուղը։

— Գնա՛, գնա՛ Սեյրան, թող ինձ, որ ցավերովս խեղդվեմ ու մեռնեմ։

— Գնալով, իհարկե, կգնամ, քանի որ դու ինձ չես սիրում, էլ ինչո՞ւ պիտի մնամ,— պատասխանեց Սեյրանը դառնացած։

Տիրեց մի քանի վայրկյան խորհրդավոր լռություն։

— Սուսան, հենց միայն մի խոսք, մի խոսք ասա, ասա՛, որ դու ինձ չես սիրում, էլ այնուհետև ես գիտեմ։

— Աղաչում եմ, գնա՛, Սեյրան, հայրս դուրս կգա։

Սուսանը անդադար նայում էր սենյակի դռներին։

— Գնա՛, մոռացի՛ր ինձ, Սեյրան։

— Ի՞նչ, մոռանամ։ Հըմ, հասկացա, ուրեմն օրս լավ տեղ մթնացրի։ Ուրեմն Սեյրանը քո աչքից այնքան ընկել է, որ դու փախցնում ես էլի։ Լավ Սուսան, ես կգնամ, բայց ի՛նչ որ ինձ պատահի, մեղքը քո վզին։

Այս ասելով, Սեյրանը դեմքը շուռ տվավ, որ հեռանա։ Սուսանը բռնեց նրա թևից. նա իսկույն կանգ առավ։