Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/108

Այս էջը սրբագրված է

«ՎԱՐԺՈՒՀԻ»


Կոմ. 3 արարվածով

Հեղ. Դ. Չմշկյան

Ամսույս 5֊ին Թիֆլիզի կալվածական բանկի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց հայ թատրոնի մոհիկան Չմշկյանի կոմեդիան։

Պատմենք համառոտ կերպով պիեսի բովանդակությունը։

Օրիորդ Նունեն այն անձանցից է, որոնց գործունեությունը որքան զուրկ է արտաքին փայլից, այնքան արդյունավետ է մի ժողովրդի խաղաղ հառաջադիմության համար։ Նա ծխական մի ուսումնարանի համեստ և աղքատ վարժուհի է, որ յուր անձը նվիրել է մատաղ սերնդի կրթությանը։

Ազիզյանցը հարուստ ընտանիքի զավակ է, բարձրագույն կրթություն ստացած։ Վերադառնալով հայրենիք, այդ երիտասարդը կամենում է ծառայել յուր ժողովրդի քաղաքակրթության գործին։ Եվ ահա նա հանձն է առնում ձրիաբար հայ վարժապետի պաշտոնը այն դպրոցում, ուր վարժուհի է և Նունեն։

Այստեղ նոքա ծանոթանում են, հավանում միմյանց և ի վերջո փոխադարձ սերը միացնում է հարուստ երիտասարդի և աղքատ վարժուհու թարմ սրտերը։ Մյուս կողմից՝ Նունեի վրա սիրահարված է մի ուրիշ վարժապետ-Գևորգը։ Բայց Նունեն, բացի հարգանքից, մի այլ զգացմունք չունի դեպի այդ երիտասարդը։ Այնինչ Գևորգին սիրում է մի ուրիշ վարժուհի, Սաթենիկը, սիրում է գաղտնի, առանց հայտնելու իր սերը։

Լուսավորված Ազիզյանցի տգետ մայրը՝ տիկին էփեմիան, որ մի գոռոզ կին է, երբ իմանում է, որ որդին սիրահարվել է մի աղքատ, աննշան վարժուհու վրա և մտադիր է յուր կյանքը նրա հետ կապել, հարկավ, ընդդիմանում է այդ սիրույն։ Նա հանդիմանում է որդուն, աղաչում, խնդրում, որ մի այդպիսի «հիմար» քայլ չանի, քանի որ նա հարուստ է և կարող է մի հարուստ և անվանի ընտանիքի աղջկա հետ պսակվել։ Յուր որդուն համոզելու համար տիկինը մի գլխավոր պատճառ է