Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/118

Այս էջը սրբագրված է

անցնում։ Ամենառեալական գրողը շեղվում է ֆոտոգրաֆիական ճշտությունից, ամենառեալական տիպերը գրականության մեջ տարբերվում են կյանքի տված տիպերից։ Մի՞թե Բալզակի ժլատները, ագահները, վաշխառուները, եղեռնագործները իսկ և իսկ այնպես են եղել կյանքի մեջ, որպես նկարագրված են։ Մի՞թե Դիկենսի բարի, հրեշտականման հերոսուհիները և հերոսները նույնն են կյանքի մեջ, ինչպես նկարագրված են անգլիական հանճարեղ վիպասանի անթիվ վեպերի մեջ։ Մի՞թե նույնիսկ նատուրալիստական վիպասանության պարագլուխ Զոլայի Ժերվեղան, Նանան, La bete humaine-ի չարագործներր, վերջապես, բոլոր Ռուդոն-Մակարները այն ձևով, այն ստենոգրաֆիական մանրամասն ճշտություններով են նկարագրված, որպես նրանք են իսկապես կյանքի մեջ; Ո՛չ, նրանք միայն ներկայացնում են այդ տեսակ անձանց ընդհանուր պատկերները, նրանք, Զոլայի վեպերի մեգ փուփոխված էն, մշակված, և եթե կամենում եք, մինչև անգամ իդեալացրած, այսինքն՝ իրականությունից բարձրացրած։

Դառնանք Արծրունու «երկրորդ տեսակին», այսինքն՝ այն պիեսաներին, որոնց նպատակն է ցույց տալ, թե ինչպես պետք է լիներ կյանքը։ Չկա իդեալականություն առանց ռեալականության։ Չկա մի խելոք հեղինակ, որ եթե կամենար իր գրվածքով ստեղծել մի նոր կյանք, չհենվեր ռեալականության վրա, այսինքն՝ այն կյանքի վրա, որ գոյություն ունե։ Այն բժիշկն է բժիշկ, որ նախքան իր հիվանդին դեղ տալը, քննում է և վերլուծում նրա հիվանդությունը։ Ուրեմն, ով ուզում է կյանքը փոփոխել, պետք է նախ՝ նրա վատ կողմերը պատկերացնի և ապա՝ լավին ձգտի։ Նորագույն գրականությունը մինչև անգամ չի էլ ձգտում կյանքի բռնի կերպարանափոխություն քարոզել։ Նա բավականանում է միայն նրա վատ կողմերը պատկերացնելով, և այդ վատ կողմերից առաջացած չարիքները ներկայացնելով։ Ընթերցողը կարդում է վեպի մեջ կամ տեսնում է բեմի վրա այդ չարիքները, ինքն արդեն զգում է նրանց ծանրությունը և նրանց հեռացնելու անհրաժեշտությունը։ Այս տողերով ես ուզում եմ ասել, որ Արծրունու ասած «երկրորդ տեսակը» կապված է «առաջին տեսակի» հետ, այսինքն՝ երկուսն էլ իսկապես միևնույնն են։