այս կամ այն արհեստի հետ կապված սովորություններ: Եթե մի վաճառական վաշխառու է եղել, չհասկանալով, որ վաշխառությունը քստմնելի բան է, այդ չէ նշանակում, որ նրա կրթված և զարգացած, բարձրագույն ուսում ստացած որդին էլ պետք է վաշխառությամբ պարապի։ Վերջապես, ինքներդ, պ. Արծրունի, ասում եք, որ բացի ժառանգական օրենքից, կա և Հօրինակի ուժը, շրջանի ներգործությունը»։ Իսկ ո՞վ է Գարեգինը։ Նա ութ տարի գիմնազիայում և հինգ տարի համալսարանում ուսած, ուսանողական իդեալիստ շրջանի մեջ ապրած, թարմ իդեալներով լի մի երիտասարդ է։ Մի՞թե հայ ուսանողներին դուք այնքան փչացած եք համարում, որ նրանք չիմանան, թե վաշխառությունը վատ բան է։ Մի՞թե չգիտեք, որ մեր նորավարտ ուսանողները, ինչ ծնողների զավակ ևս լինին, կյանքի մեջ մտնելով, գոնե մի քանի տարի մնում են իդեալիստ, մաքուր գաղափարներով։ Իսկ Գարեգինը դեռ երկու ամիս չկա դուրս է եկել համալսարանից, դեռ նրա սիրտը լի է գեղեցիկ ձգտումներով։ Գուցե նա մի քանի տարուց հետո փոխվի, գուցե կյանքը նրան աղավաղի, բայց խնայեցեք, պ. Արծրունի, մեր ուսանողությանը, թույլ տվեք, որ նրանք ուսումն ավարտելուց հետո գոնե մի տարի կամ մի քանի ամիս անարատ մնան, ինչպես և են մեծ մասամբ։
Դուք ասում եք, որ Գարեգինը փալաս է, որ նա ոչինչ չի անում։ Ցանկալի կլիներ իմանալ, պարոն Արծրունի, եթե դուք լինեիք նրա տեղը, ի՞նչ կանեիք։ Նա ուզում է օգնել յուր քրոջը։ Նա վերցնում է վերջինին ամուսնու տնից, բերում է յուր տունը։ Նա ուզում է պատմել յուր փեսային յուր քրոջ վրեժը լուծելու համար։ Քույրը չէ թողնում։ նա յուր հարստությունը առաջարկում է Բեղմուրյաններին, որ սրանք յուր քրոջ երեխային տան մորը։ Վերջապես, նա համբերությունից դուրս գալով, ուղում է սպանել անառակ փեսային, և այդ ժամանակ քույրը թունավորված դուրս է գալիս։ Ասացեք խնդրեմ, ուրիշ ինչ պետք է աներ մի եղբայր յուր դժբախտ քրոջ համար։
Բայց ոչ, պ. Արծրունուն, չգիտեմ ինչու, հարկավոր է իմ պիեսան պախարակել, և նա ուղում է ոտնատակ տալ նրա գործող անձանց։ Ես պնդում եմ, որ Գարեգինը մի շատ բարո