Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/13

Այս էջը սրբագրված է

թյուն թողեց։ Օրիորդ Վարդուհին նույնպես վատ չէր թագուհու դերում, այնինչ Վրույրը ավելի մալականի էր նմանում, քան Կլավդիոս թագավորին։ ԱղայաՆցը լավ ձևեր ունի, բայց Լայերտր նորա դերը չէ։ Սարգսյանը Հորացիոյի դերում թույլ էր։

Թատրոնի մի երրորդական մասը հազիվ բռնված էր։ Չգիտենք ինչպես բացատրել հասարակության այդ անտարբերությունը դեպի Ադամյանը, բայց այդ շատ ցավալի է և մարդու վերա շատ վատ տպավորություն է անում։

«ԿՈՂՈՊՏՎԱԾ ԵԿԵՂԵՑԻ»

Եղերական Վեպ ներկա կյանքից

Հեղ. Լումայի

Վեպ գրելու, վիպասանի հռչակ վաստակելու ցանկությունը մեզանում դարձել է այժմ մի ախտ, որը անխնա կերպով վարակում է աջ ու ձախ։ Հաստատ չգիտենք, բայց հազիվ թե լինի մի ուրիշ ազգ, որ գրականական գեղարվեստը յուր ծննդյան սկզբում այնչափ աղճատված, ապականված լինի, որչափ հայերի մեջ։ Պետք է մարդ խիստ ամուր ջղերի տեր լինի, որ ամեն օր մեր լրագիրների մեջ և, նույնիսկ, առանձին հրատարակությամբ երևան եկող վեպերը, վեպիկները, պատկերները աչքի անցուցանելով չվրդովվի հանուն այն վսեմ բանի, որ կոչվում է գեղարվեստ։ Ով որ փոքրիշատե կարդալ ու գրել գիտե և կրում է յուր սրտում գրականական փառասիրություն ասած որդը, իսկույն գրիչ է վերցնում և աջ ու ձախ մրոտում։ Նամանավանդ բավական է այդպիսի մեկի համար, որ նա ականատես է եղել կամ լսել է կենսական մի աչքի ընկնող երևույթ, և ահա նորա երևակայությունը բորբոքվեց։ Առանց բնական ձիրքի, առանց գրականական ճաշակի, առանց լեզու իմանալու, մինչև անգամ հասարակ ուղղագրության հետ անծանոթ, նա իսկույն նստում է սեղանի մոտ, մի ձեռը դնում է ճակատին, մյուսով գրիչն է բռնում, և ահա, մի քանի ժամանակից հետո, պատրաստ է մի վեպ։ Եվ որովհետև այժմ ռեալականությունը մոդա է, վասն որո բոլորն էլ իրական վեպեր են գրում, և որպեսզի ցույց տան, թե իրանք հավատում են սեփական