Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/139

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Որքան գրականությունը մեծ ազդեցություն ունի հասարակական մտքի և հոգու զարգացման վրա, նույնքան յուր կողմից հասարակությունը ներգործական դեր է կատարում յուր ազգային գրականության բարեփոխման վերաբերմամբ։ Հեղինակը և ընթերցողը այն երկու տարրերն են, որոնց փոխադարձ հարաբերությունից առաջանում է գրականական ուղղությունը։ Որովհետև մեր խոսքը գեղարվեստական գրականության մասին է, հետևաբար այդ հարաբերությունից են առաջանում և գեղեցիկ պահանջները, որ ընդունված է անվանել էսթետիկական ճաշակ։

Այս տեսակետից նայելով, մենք համարձակ կարող ենք ասել, որ կրիտիկայի դերը գրականության զարգացման վերաբերմամբ անհամեմատ ավելի նսեմ է, քան թե սովորաբար կարծվում է։ Արդարև մի տեսակ թյուրիմացության հետևանք, եթե չասենք սխալ պետք է համարել, այն ընդհանրացած տեսությունը, թե իբր կրիտիկան գրականության ղեկավարն է։ Ոչ, կրիտիկան ավելի գրականության ուղղությունների բացատրողի և հասարակական բարոյական պահանջները լուսաբանողի դեր է կատարում, քան թե առաջնորդի և ուսուցչի, հետևաբար այդ դերը ավելի կրավորական կարող է համարվել, քան թե ներգործական։ Ուստի մոլորված է այն մարդը, որ հավատացած է, թե քննադատները երբևէ կարողացել են կամ կարող են իրսենց ճաշակին համաձայն ղեկավարել գրականությունը, մանավանդ փոխել նրա ուղղությունը։

Սրանով, հայտնի բան է, մենք չենք կամենում հերքել կրիտիկայի նշանակությունը։ Ընդհակառակը՝ որքան էլ կրավորական լինի նրա դերը, այսուամենայնիվ նա մի որոշ չափով ազդում է գրականության վրա։ Բայց ազդում է ոչ անմիջապես, ոչ անկախ և ինքնուրույն կերպով, ոչ կրիտիկոսի անհատական կամքի համաձայն, այլ այն չափով, որ չափով կրիտիկոսը երևան է գալիս իբրև հասարակության առաջնակարգ և ամենակիրթ դասի ներկայացուցիչ կամ, ճիշտն ասած․ իբրև ժամանակի առաջադեմ ոգու արտահայտիչ։