ներդաշնակություն։ Նա անկիրթ և անճաշակ կերպով չի ձըգտում իր ձայնի զորեղությամբ կեղծ էֆեկտ գործելու։ Երգում է նա մի տխուր մեղեդի կամ մելամաղձոտ ռոմանս, արտահայտում է նա «Ֆաուստ»-ի Մարգարիտայի մեղմ թախիծը և թե մի ընկճված հերոսուհու հուսահատ հառաչանքը, ամեն տեղ նրա ձայնը բխում է հարուստ կրծքից ինքնաբերաբար, ինչպես մի վճիտ աղբյուր։ Եվ ոչ մի անախորժ հնչյուն, ոչ մի արվեստական շեշտ չի խանգարում այդ ձայնի ներդաշնակ հոսանքը։ Ավելացրեք սրան և այն խորը զգացմունքը, այն թարմությունը և կենդանությունը, որ երգչուհին տալիս է ձայնի յուրաքանչյուր հնչյունին, և դուք կարող եք գուշակել, թե լսողը ինչ հաճույք կարող է զգալ նրա երգից։
Արտիստը պետք է լինի համեստ և խելոք։ Եթե նա բեմ է դուրս գալիս առանց իր արվեստի վսեմությունը զգալու, Նրա նույնիսկ դեմքի անհամեստ արտահայտությունը կարող է չափազանց խանգարել հանդիսականի տպավորությունը։ Սխալ և միանգամայն դատապարտելի է այն կարծիքը, թե 1-րգչի, նվագածվի կամ դերասանի համար խելքը և զարգացումը կարևոր պայմաններ չեն։ Այսպես դատում են ընդհանրապես այն թեթևամիտները, որոնք չեն հասկանում գեղարվեստի կրթողական նշանակությունը։ Արտիստի համար անհրաժեշտ է ընդհանուր գեղարվեստական զարգացում, իսկ այս առանց խելքի՝ ձեռք բերել չի կարելի։ Երգիչ է նա, թե երաժիշտ կամ դրամատիկական դերասան—պետք է միշտ հետաքըրքրվե և աշխատե ըմբռնել այն ամենը, ինչ որ կապ ունե առհասարակ էսթետիկայի հետ։ Դա նրա տաղանդի զարգացման կարևոր պայմանն է։ Ով չունե այս գիտակցությունը, նա չէ կարող արտիստ համարվել. եթե օր. Պապայանին պակասեր էսթետիկական զարգացումը, նա չէր կարող այնպիսի խորը ազդեցություն գործել հասարակության վրա, ինչպես այժմ։
Ցանկալի կլիներ, որ տաղանդավոր երգչուհին օրինակ լիներ մեր երգիչների համար, ինչպես Ադամյանն էր օրինակ բոլոր դրամատիկական դերասանների համար։
Օրիորդ Պապայանի կոնցերտներին մասնակցում էր բարիտոն Ամիրջանյանը։ Ի՞նչ ասել այդ երգչի մասին։ Գովել նրա