կեղտոտ ջուրը պատրաստ է և իսկույն կթափվի գիրքը հորինողի գլխին։ Այս պատճառով շատ անգամ արժանավորը ոտնատակ է լինում, ցեխոտվում, իսկ անարժանը, բթամիտը փառաբանվում։ Այս իսկ պատճառով հայ ընթերցողների (քանի որ նրանք ինքնուրույնություն չունեն) գրականական ճաշակը օրից օր փչանում է և անբարոյականանում։
Ահա հենց այս քստմնելի ախտից պետք է հեռու լինեն մեր գրականական հանդեսները, եթե ուզում են իրանց արժանավորության բարձրության վրա կանգնել։ Եվ այժմ ժամանակ է նույնիսկ այդ ախտը արմատախիլ անելու։ Դա հասարակության զարգացած և խելացի մասի պահանջն է, որ մենք միայն արտահայտում ենք։
Մի քանի խոսք էլ այն մասին, թե որքան լավ կամ վատ է, որ մեզանում ուժերը բաժանվում են և գրականական հանդեսները շատանում։ Մենք այդ երևույթի մեջ ոչ մի վատ բան չենք տեսնում։ Ընդհակառակը, մենք օգտավետ ենք համարում այդ։ Եվրոպայում ամեն օր նորանոր հանդեսներ են լույս տեսնում, և ոչ մի խելքը գլխին մարդ չի ընդդիմանում նրանց, եթե միայն լավ նպատակով են հրատարակվում։ Նրանք լույս են տեսնում, մրցում են միմյանց հետ, և որը հաղթանակը տանում է, նա ապրում է։ Մոնոպոլիան ամեն մի ասպարեզում պախարակված է։ Իսկ գրականության մեջ մոնոպոլիա մտցնելը անբարոյականություն է։ Ամեն մի անհատ կարող է իրան մյուսներից խելոք համարել, բայց ոչ ոք իրավունք չունի ուրիշին ասելու «դու այդ գործը մի անիլ, որովհետև ես անում եմ արդեն»։
ԱՄՈԹ Է ՎԵՐՋԱՊԵՍ
«Մշակի» մեջ տպված է մեր հայտնի հեղինակ Ղազարոս Աղայանցի մասին մի լուր, որ ուղիղն ասած՝ մեզ վրա շատ ծանր տպավորություն թողեց։ Լրագրի ասելով, Աղայանցը գտնվում է «նյութական ծանր գրության մեջ»։ Մենք ստուգեցինք այդ լուրը և տեղեկացանք, որ «Մշակի» ասածը միանգամայն ճիշտ է. Ղազարոս Աղայանցը, որ այժմ անպաշտոն