Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/159

Այս էջը սրբագրված է

ծում է գրականական ասպարեզում, և այսօր իր և իր ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված է ծերության հասակում դպրոցական ուսուցչի մի հասարակ պաշտոն վարել։ Րաֆֆին իր որդկերանց կարողացավ ժառանգություն թողնել միայն իր գրքերից եկած եկամուտը։ Իսկ այսօր մի ուրիշ հեղինակ իր ծերության հասակում գտնվում է առանց պաշտոնի, առանց որևէ եկամուտի և կարոտ օրվա ապրուստի միջոցներին։

Ինչո՞ւ, ի՞նչ մեղքի համար։ Մի՞թե այդքան մեծ հանցանք է հայ գրականությամբ պարապվելը։ Մի՞թե այդքան անիծված է հայերի մեջ գրականական ասպարեզը։ Մի՞թե հայը վերջապես այն կարծիքի է, թե նրան հարկավոր չի ոչ գրականություն, ոչ մտավոր կյանք, ոչ բարոյական շահեր, այլ միայն և միայն անասնական կամ բուսական կյանք։ Մի՞թե նրա համար ավելի ցանկալի կլիներ, որ իր հեղինակները արհամարհեին գրականությունը և պարապվեին վաճառականությամբ կամ կապալառությամբ, որպեսզի ապահովեին իրանց նյութապես։ Մի՞թե նա ցանկանում է պատմել Աղայանցին, որ նա սխալվել է և իր երիտասարդ ու ծաղիկ հասակը փող և միայն փող վաստակելու համար գործադրելու փոխարեն, իր հոգու խաղաղությունը, իր մտքի ուժերը, իր զգացումների կրակը նվիրել է իր հասարակության, իր ազգի մտավոր և բարոյական կրթության գործին։

Ամոթ է, վերջապես, հայ հասարակությանը։ ժամանակ է, վերջապես, որ նա մտածի իր բարոյական պարտքի մասին և չթողնի, որ արժանավոր մշակները դառնությամբ լան իրանց ծերության օրերը։


ՄԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Վիեննայի «Բազմավեպ» հանդիսի մեջ տպված է մի ընդարձակ քննություն «Հորիզոն» գրականական հանդիսի առաջին գրքի մասին։ Հոդվածագիրը, ուրախությամբ ողջունելով այդ հանդեսի երևան գալը, առաջին գիրքը համարում է ընդհանրապես բավական հաջող կազմված և հետաքրքրական։