թյան ամենագլխավոր, գուցե և միակ ուժը, ներկայում երևան են եկել մի շարք այնպիսի ուժեր, որոնք ավելի հաջողությամբ և ավելի դյուրությամբ են կատարում այդ միավորիչ կապի դերը։ Դրանք են գիտությունր, գրականությունը և գեղարվեստները, որոնք ավելի են համապատասխանում ժամանակի ոգուն և լուսավորվող մարդկության հոգեկան պահանջներին։ Որքան մարդիկ քաղաքակրթվում են՝ այնքան կրոնը նրանք աչքում կորցնում է իր միստիկական ուժը և դառնում իբրև մարդկային մտքի ու հոգու մի պարզ ստեղծագործություն, որ կարող է այնքան զորություն ունենալ, որքան ընդունակ է հաշտվել ժամանակի պահանջների հետ։
Միայն քաղաքակրթությունից ետ մնացած տարրերը դեռ հավատում են, թե կրոնը կարող է միավորիչ օղակ լինել ազդերի մեջ և հասցնել մարդկությունը այն փոխադարձ համերաշխության, որ լուսավորված անհատների իդեալն է կազմում։ Սակայն նրանք, որոնք արդեն մի անգամ ըմբռնել են ժամանակի ոգին, վաղուց կորցրել են այդ հավատը։ Գիտություն, գեղարվեստ, գրականություն - ահա այն փրկարար ուժերը, որ առաջ են եկել կատարելու կրոնի նախկին դերը իբրև միավորիչ ուժեր։ Եվ արդարև, ինչ կրոն կարող է մրցել այդ ուժերի հետ, որ այսօր տարածում են իրանց թևերը աշխարհի ամենախուլ անկյուններն անգամ և որ ներգործում են մարդկանց ոչ միայն մտքի, այլև գործնական կյանքի վրա։ Այսօր Հնդկաստանի խորքերում ապրող վայրենի ցեղերը, հեռավոր Սիբիրիայում ապրող ռամիկներն անգամ ականատես են գիտության բարձր զորությանը։ Եվ ոչ մի նոր կրոն չէ կարող միանգամից այնպես ապշեցնել և հարգանք ներշնչել բնության այս անշարժ զավակներին, որքան նույնիսկ մի երկաթուղու գնացքի սուլոցը։ Նույն սուլոցը, որ մի ժամանակ ապշեցրել է նաև քաղաքակրթված եվրոպացուն, այսօր դառնում է այն միավորիչ ուժը, որի մասին երբևէ կարող էին երեվակայել մեր նախահայրերը։
Նույն ուժը ունե և գրականությունը, գեղարվեստները։ Բավական է մի թույլ ծանոթություն ժամանակակից քաղաքակրթության պատմության հետ, և մենք կտեսնենք, թե որքան այդ տարրերը զորեղ դեր են կատարում ազգերի համերաշխության