և նա չէ կարողանում ավարտել իր ասելիքը։ - Ոչինչ, շարունակում է նա իր մտքում, - ես ինքս ինձ գիտեմ այն, ինչ-որ գիտեմ։
Ի՞նչ է նրա իմացածը։ - Կյանքի ամենաբարձր խորհուրդը, այն, ինչ որ պետք է իրոք կազմեր մեր գոյության բուն նպատակը - մոռացում անձնական «եսի» և սեր դեպի ուրիշը։ Նշանավոր են Բրեխունովի հետևյալ խորհրդածությունները, ուր մեր կարծիքով կազմում են վեպիկի փիլիսոփայությունը և գաղափարը և որ հեղինակը արտահայտում է իր խոսքերով։
«Եվ նա (Բրեխունովը) հասկանում է, թե այդ մահն է, որ մոտենում է իրան և այդ էլ բնավ չէ վշտացնում նրան։ Եվ նա հիշում է, թե Նիկիտան պառկած է իր տակ, և թե նա տաքացել է և կենդանի է, և թվում է նրան, թե ինքը - Նիկիտա է, իսկ նիկիտան - ինքը և թե իր մեջ չէ պարունակվում, այլ Նիկիտայի մեջ։ Նա սրում է իր ականջները և լսում է Նիկիտայի շնչառությունը, նույնիսկ թույլ խռմփոցը։ Կենդանի է Նիկիտան, կնշանակե կենդանի եմ և ես»․ պարծանքով ասում է նա ինքն իրան։ Եվ նա հիշում է իր փողերը, խանութը, տունը, առևտուրը, Միրոնովների միլիոնները։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու այն մարդը, որին կոչում էին Վասիլի Բրեխունով, պարապվում է այն բոլորով, ինչ որ նրա զբաղմունքն էր։ Իհարկե, չէ որ նա չգիտե, թե բանը ինչումն է», մտածում է Վասիլի Բրեխունովի մասին։ «Չգիտեր, ինչպես ես գիտեմ այժմ։ Այժմ այլևս սխալ չի կարող լինել։ Այժմ գիտեմ։ Եվ դարձյալ նա լսում է նրա ձայնը, որ կանչում է իրան։ «Գալիս եմ, գալիս եմ», ուրախությամբ ասում է նրա ամբողջ էությունը։ Եվ նա զգում է, թե ինքը ազատ է և թե այլևս ոչինչ չէ կաշկանդում նրան»։
Այս խորհրդածություններով մեռնում է ձյունի մեջ Բրեխունով-տերը, որ սկզբում այնպես չարաչար կռվում էր մահվան դեմ։ Իսկ Նիկիտա-բանվորը, որ այնքան սառն և անտարբեր էր դեպի մահը, մնում է կենդանի։
Շատ թեր և դեմ բաներ կարելի է ասել նշանավոր ռուս բանաստեղծի այս «Տեր և բանվորի» տենդենցիայի դեմ։ Բայց չենք կարծում, որ ճաշակ ունեցող մի ընթերցող չհիանա «Տեր և բանվորի» գեղարվեստով։