Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/185

Այս էջը սրբագրված է

այն ասացվածը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլիներ ասել, թե լեզուն՝ ինքն ազգն է։

Բառերը, իբրև լեզվի մասնիկներ, միևնույն նշանակությունն ունին ամենի համար, բայց նրանց այս կամ այն ձևի դասավորությունը տալիս է գրվածքին մի որոշ, սեփական և միմիայն նրա հեղինակին հատուկ գույն և բնավորություն։Լեզուն կարելի է համեմատել մի անտառի, իսկ ոճը առանձին ծառի հետ։ Անտառի բոլոր ծառերը ընդհանրապես նման են միմյանց, բայց մեկը լավ է կազմված, մյուսը վատ, մեկը ծուռ է, տգեղ, մյուսը՝ հարթ, հավասար և գեղեցիկ, այնինչ նրանց բունը, ճյուղը, տերևները միևնույն հատկություններն ու նշանակությունն ունեն։ Մենք միայն հեռվից կարող ենք գովել կամ չգովել, հիանալ կամ չհիանալ անտառի ընդհանուր գեղեցկությամբ, իսկ մտնելով նրա մեջ, մեզ կգրավեն ավելի նրա առանձին մասերը, այս կամ այն ծառը, թուփը, բույսը և այլն։


Կարելի է մի լեզու իմանալ շատ լավ, բոլորովին տեղյակ լինել նրա հոգուն, կազմակերպությանը, նրա բոլոր քերականական կանոններին, բայց ոչ միայն ոճ չունենալ, այլև զուրկ լինել նրա մասին հասկացությունից։ Այս է պատճառը, որ մի լեզվի հարստանալուն նպաստում են ավելի բանաստեղծները և փիլիսոփաները, քան թե լեզվագետները և լեզվի դասատուները։ Մի Պուշկին, մի Տուրգենև անհամեմատ ավելի են ճոխացրել ռուսաց լեզուն, քսւն - հազարավոր ռուս ուսուցիչները և պրոֆեսորները, որոնք ոճ չունին։


Սակայն ոճ ասած բանը, եթե ընդունենք իր ընդարձակ նշանակությամբ, այն ժամանակ չի կարելի նրան խառնել գրելու ձևի հետ, այս վերջինի սահմանափակ իմաստով։ Ոճն ավելի ընդարձակ հասկացողություն է, քան գրելու ձևը։ Ճըշմարիտ է ամեն մի գրիչ շարժող իր գրելու ձևն ունի,բայց ոչ ամեն գրող ոճ ունի։ Ոճ ասելով, հասկացվում է մի ամբողջ գեղարվեստական ամբողջություն, ուստի նրա մասին խոսելիս միշտ ուշադրության են առնվում ամբողջացրած փիլիսոփայական, գիտական և գեղարվեստական երկերը, մանավանդ գեղարվեստականները։ Մանր գրիչների ոճը լուրջ քննադատության չի ենթարկվում, այլ շատ֊շատ, խոսվում է նրանց 185