բացասական տիպարը՝ Կոնստանտինը, ամբողջացրած չէ, ուստի և լիակատար տպավորություն չի թողնում ընթերցողի վրա։ Ասում եմ ընթերցողի, որովհետև պ.Օհանյանի խաղի մասին խոսք չի կարող լինել․ ինչպես կտեսնենք, այնքան այդ խաղը թերի էր։ Վերջապես ամբողջ պիեսը մի տեսակ նմանություն Ալֆոնս Դոդեի «La lutte pour la vie» գրվածին։
Բեմական տեսակետից պիեսը ձգձգված է։ Յուրաքանչյուր գործողությունը տևում է գրեթե մի ժամ։ Պիեսը լի է կողմնակի էպիզոդներով և ավելորդ խոսակցություններով, մանավանդ երկու իդեալիստ ծերունիների զանազան ավելորդաբանություններով։
Գալով թարգմանությանը, որ կատարել է պ.Յակոբ Տեր-Գևորգյանը, ավելի քան ստոր է կրիտիկայից։ Դա թարգմանություն չէ, դա հայերեն լեզու չէ, այլ միայն պարոդիա։
Ինչ ասեմ դերասանների խաղի մասին։ Ինձ, նախ և առաջ, զարմացնում է պ.Օհանյանի համարձակությունը։ «Տարազ»-ը չգրեց երիտասարդ դերասանի առաջին դեբյուտի մասին, բայց տողերիս հեղինակը տեղական մի ռուս լրագրում նպաստավոր կարծիք հայտնեց նրա մասին։ Արդարև, պ.Օհանյանի առաջին դեբյուտը հաջող էր, բայց հաջող ոչ իբրև մի արտիստի խաղ, այլ իբրև մի նոր սկսող դերասանի առաջին փորձ։ Պարոնն ունի բավական լավ բեմական տեսք, թեև ոչ այնքան արտահայտիչ, մաքուր արտասանություն և բեմական ձայն։ Բայց այդ բոլորը շատ քիչ է հայ հասարակության համբերությունը ի չարը գործ դնելու համար իսկ պ. Օհանյանը այս անգամ ի չարն գործ գրեց մեր համբերությունը։ Երևի, ի խրախուսված լրագիրների ներողամիտ կարծիքներից, նա երևակայեց իրեն այնքան արդեն փորձված դերասան, որ կարող է միանգամից պատասխանատու դերեր կատարել։ Եվ կատարեց անցյալ կիրակի… Հասարակությունը ստիպված էր ամբողջ չորս ժամ բեմի վրա տեսնել մի զարդարված, կոկված պաճուճապատանք, անշունչ, անկենդան, մի լարված մեքենա, որ արտաբանում է անգիր արած բառեր։ Պ․Օհանյանը այնքան համարձակ էր, որ չէր բարեհաճել դերն անգամ լավ սովորել, և ամեն քայլում սխալվում էր, կմկմում, անշնորհք աշակերտի պես։ Դա արդեն նշանակում է ծաղրեղ հայ հասա-