[«ՉԱՐԼԵԻ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ» ԵՎ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏՈՒՆ» ՊԻԵՍՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ]
Հայ հասարակությունը իրավունք չունի պահանջելու խոշոր բեմական տաղանդներ, երբ նա չունի ոչ միայն թատրոն, այլև կանոնավոր բեմ։ Ադամյանը մի բացառիկ երևույթ էր մեզ համար, որ մինչև այժմ դեռ անբացատրելի է։ Բայը նույնիսկ Ադամյանը այն Ադամյանը չէր դառնա, եթե նրա բնածին տաղանդը մի քանի տարի շարունակ չգտներ ռուսահայերի մեջ զարգանալու ասպարեզ, եթե հայ հասարակությունը չգնահատեր նրան և չխրախուսեր։
Ամեն անգամ, երբ մեր թատրոնական բեմը ունեցել է քիչ թե շատ կանոնավոր ընթացք, առաջ են եկել նոր ձիրքեր ու տաղանդներ։ Յոթանասնական թվականների վերջը, ութսունականների սկիզբը, բացի Ադամյանից, տվեցին մեզ Հրաչյային, Գարագաչյաններին, Աստղիկին, Սիրանուշին, Մնակյանին: Այնուհետև բեմը սկսեց ապրել, այսպես ասած, մոմենտներով։ Սակայն մոմենտներն էլ տվեցին մեզ մի քանի գոնե անհերքելի ձիրքեր, որոնցից ոմանք այսօր աջողությամբ գործում են հայ բեմի վրա։
Թատրոնի համար կարևորը ոչ այնքան բացառիկ տաղանդներն են, որքան ամբողջ խմբի աջող կազմությունը, անսամբլը։ Շատերը պիտի զարմանան, և գուցե զալրանան, եթե ասենք, որ Ադամյանը իր փայլուն տաղանդով երկսայրի սուր է եղել հայ բեմի համար անսամբլի տեսակետից։ Ունենալով իր հետ չնչին ուժեր, նա միշտ աշխատել է այդ ուժերը խեղդված պահել, գուցե իրավամբ։ Նա կրճատել է փոքր դերասանների դերերը և տվել իր առանց այն ևս մեծ դերերին ավելի մեծություն։ Նա ընտրել է միշտ այնպիսի պիեսներ, ուր պիտի փայլեր իր և միայն իր տաղանդը։ Նա եղել է բռնակալ մի հանճար, որի համար բեմի ընդհանուր շահը ավելի քիչ նշանակություն է ունեցել, քան սեփական աստղի փայլը։ Ահա ինչու նրա տաղանդի զարգացած միջոցին և նրա հետ խաղացող խմբից ոչ մի ուժ չփայլեց։ Մյուս կողմից, նա ներկայացնելով մեծ մասամբ կլասիկ պիեսներ՝ հասարակության