նույնիսկ հայ լեզվի տարրական կանոններին անծանոթ թարգմանիշների անկոչ «ծառայությունից հայ բեմին»։
«Կյանք»֊ի ծանր, անախորժ և ոչ-գեղարվետական տպավորությունը մասամբ ջնջվեց մի թեև անբովանդակ, բայց ծիծաղաշարժ վոդևիլի շատ հաջող ներկայացումով։
Հասարակությունը հրճվեց մեր երկու տաղանդավոր կոմիկների՝ պ. պ․ Թուրյանի և Տեր-Դավթյանի խաղով։ Կենդանի էր և օր․ Մարի-Հրանուշի խաղը։ Այս դերասանուհին առհասարակ սուբրետ և ժյոն-կոմիկ դերերում մրցակից չունի խմբում։ Կցանկանայինք միայն, որ նա իր ձևերը մի քիչ մեղմացնի և, եթե կարող է, ձայնին տա փափկություն, շատ էլ բարձր չխոսի…
Թատրոնը լիքն էր ծայրեիծայր, և այս ուներ իր պատճառը, ներկայացումը վերջինն էր, մասնակցում էր Տեր-Դավթյանը և, վերջապես, բենեֆիս էր…
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՄՆԵՐԸ ԲԱՔՎՈԻՄ
Հայ բեմը Բաքվում այնչափ համերաշխ անսամբլ չի տեսեչ, որ չափ այժմ։ Ցավալի է, հարկավ, որ այժմ մենք չունենք Ադամյանին հավասար դերասան։ Ցավալի է նաև, որ տիկ․ Հրաչյան անձնական տկարության պատճառով մեզ զրկում է իր նուրբ խաղի հաճույքները վայելելու առիթից։ Սակայն որքան ուրախալի լինի բացառիկ տաղանդների երևալը բեմի վրա, ոչ պակաս հաճելի է սիրուն անսամբլը։ Կարող եմ ավելացնել, որ նույնիսկ բեմ ստեղծողը ավելի անսամբլն է, քան բացառիկ տաղանդը։ Չափազանցություն արած կլինիմ, իհարկե, եթե ասեմ, որ այժմյան խմբի խաղը գեղարվեստական է. քավ լիցի։ Ես գեղարվեստի մասին ավելի բարձր գաղափար ունիմ, քան հայ դերասանների էսթետիկական ձիրքը։ Բայց երբ չես ձանձրանում ներկայացումներից, նույնիսկ մի քանի դերասանների խաղը հաճույք է պատճառում, այս ես համարում եմ առաջադիմություն։
Այժմ խոսենք խմբի անդամների մասին առանձին-առանձին։ Ամենից ավելի առաջադիմում է պ․ Աբելյանը վերջին ժամանակ, նա իր խաղի մեջ մտցրել է հոգեբանություն և երբեմն ստեղծագործում է, նշանակում է՝ խաղում է ոչ իբրև դերասան այլ իբրև արվեստագետ, նրա միմիկան հարուստ է, ձայնը ճոխ. ճշմարիտ է, բացակայում է նրբությունը ձևերի մեջ, բայց այս ուղղելի թերություն է, ժամանակի խնդիր, ուրիշ ոչինչ։ Չգիտեմ, կարո՞ղ է ժամանակով ուղղել իր արտասանությունը, թե ոչ, բայց առայժմ անբավարար է։