տիկին Մակարյանի կտակը օրինակելի լիներ մեր հարուստների համար։
Նոր հանգուցյալը, բացի դրանից, և այլ բարեգործական նպատակներով կտակել է 5000 ռուբլի։
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Մեր դերասանուհիները:— Հայ կանայք:— Մեր դերասանները:
Արաքսյանի խումբը
Աչքի առջև ունենալով այն հանգամանքը, որ ես գրում եմ մի երկամսյա գրական հանդեսի համար, հնարավորություն չունիմ յուրաքանչյուր ներկայացման մասին մանրամասն խոսելու և ոչ այս կամ այն դերասանի խաղը առանձին քըննադատելու։ Իմ նկատողությունները թատրոնի մասին միայն ընդհանուր կարող են լինել։ Ուստի թող ընթերցողները չպահանջեն ինձանից լրագրական ռեցենզենտի մանրամասն քըրքըրում, որ ամենևին չի կարող հետաքրքրական լինել ամսագրի ընթերցողների համար։
Այս հիման վրա, որպեսզի մի անգամ ընդմիշտ հայտնած լինեմ իմ կարծիքը այժմյան մեր բեմական ուժերի մասին, որոշեմ նրանցից յուրաքանչյուրի տեղը՝ ապագայում այլևս այս հարցին չվերադառնալու պայմանով։
Նախ կանանց ուժերի մասին։
Մեր բեմի անկայուն գոյությունից առաջացրած մի տխուր փաստ է, որ Հրաչյա—Աստղիկ փառահեղ շրջանից հետո աչքի ընկնող դերասանուհիներ երևան չեն գալիս։
Տիկ. Սիրանուշ, որ այս հունվարից ինը ներկայացման համար հրավիրված է Թիֆլիսլ հաշվի չպիտի առնվի, քանի որ հիշյալ շրջանի ավանդներից մեկն է և համենայն դեպս թարմ ուժերից չէ...
Իմ կարծիքը այս հմուտ ու փորձառու դերասանուհու բեմական արժանավորությունների մասին արդեն հայտնի է, ուստի բնավ հետաքրքրական չէ կրկնել մի անգամ ասվածը։ Նոր ուժերի մեջ մատնացույց կանեմ նախ և առաջ տիկ․ Մայսուրյանին, որ վերջին տարիների մեր թատրոնական