Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/297

Այս էջը սրբագրված է

անզգույշ խոսքեր են, որոնց համար հեղինակը կարող է ենթարկվել բարոյական տուգանքի, Ինչ կարիք կա օտարների լեզուն ծաղրելու։

ԻՄ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Անցյալ ամառ, երբ գրում էի «Ունե՞ր իրավունք»-ը, շարունակ իմ առջև տեսնում էի սեղմված բռունցքներ, կրճտվող ատամներ, կատաղությամբ վառված աչքեր։ Ես գիտեի, որ հայ հասարակությանը տալիս եմ մի երկ, որի հիմնակաս գաղափարը առնվազն պիտի խորթ թվա նրա մեծամասնության և առաջացնի փոթորիկ, եթե մինչև անգամ հեղինակի միտքը ճիշտ ըմբռնվի։

Եղան վայրկյաններ, երբ կամենում էի կիսատ թողնել և ձգել մի կողմ։ Բայց մի ներքին ձայն շարունակ շշնջում էր ինձ, թե չունիմ իրավունք այդպես անելու, թե գրողի համար չկա և չպիտի լինի ավելի բարձր դատավոր, քան նրա սեփական աշխարհայացքը, թե ոչ մի հասարակական կարծիք, կամ նախապաշարմունք չպիտի ճնշի նրա հոգու ազատությունը և թե նրա համար բարոյական աններելի հանցանք է երկչոտությամբ թաքցնել ուրիշներից այն, ինչ որ ինքն է ճշմարտություն համարում, սոսկ այն պատճառով, որ այո ճշմարտությունը դուր չպիտի գա մեծամասնությանը։

Իմ ամբողջ գրական գործունեության ընթացքում ես հետևել եմ իմ հոգա այս ձայնին, դրել ու պաշտպանել եմ այն գաղափարները, որոնք իմ անձնական համոզմունքով կամ իմ սեփական բնազդումով եմ բարձր համարել։ Ես հասարակական կարծիքը երբեք ինձ համար կուռք չեմ դարձրել, չեմ պաշտել իբրև անխախտելի սրբություն այս կամ այն իշխող, գաղափարը կամ աշխարհայացքը։ Ուստի չկամեցա և չէի կարող այս անգամ էլ ստրկացնել իմ հոգու ձայնը ուրիշների աղաղակներին ու գոռում–գոչումներին և պետք է ասեի այն, ինչ որ ինքս էի համարում ճշմարտություն։

Իսկ ճշմարտությունն այս դեպքում այն էր, թե հասել է վերջապես, ժամանակը, երբ անհրաժեշտ է հրապարակ հանել Հայ կնոջ ինքնուրույնության խնդիրը, թե ընտանեկան կյանքը, լավագույն համարված պայմաններն անգամ մեզանում վիրավորական և ստորացուցիչ են կնոջ համար և թե բացի ամուսնական պարտականություններից, մայրական զգացումից, բացի լավ հագնվելուց, կուշտ ուտելուց, շքեղ կահ-կարասույց, ադամանդներից, ամուսնու հոգացողությունից ու փայփայանքներից, բացի շրջապատողների սիրուց ու հարգանքներից, մի խոսքով, բացի բոլոր այն պայմաններից, որոնց համագումարը տիրող հասարակական կարծիքը համարում է երջանկություն — մտածող, զգայուն և բարոյական կնոջ համար կա և մի ուրիշ բան։ Դա նրա ստական ինքնուրույնության զգացումն է։