Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/312

Այս էջը սրբագրված է

յին։ Իբրև բեմական գործ «Ժայռը» վատ չէ, թեև ունի շատ տեխնիկական պակասություններ։ Վերցնենք հենց այն, որ պիեսը շատ երկար է և ձանձրացնում է հանդիսականին։ Բայց և այնպես ընդհանուր առմամբ «Ժայռը» հետաքրքրությամբ է քսվում։ Եթե հեղինակը կրճատի, մշակի, տեղ֊տեղ փոփոխի, հայ ռեպերտուարի մեջ ցանկալի պիեսներից մեկը կմնա։

ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Հայ Դրամատիկական ընկերության նախաձեռնությամբ այս տարվա դեկտեմբերի 17-ին Թիֆլիսում տոնվեց դերասան Հովհաննես Աբելյանի բեմական գործունեության քսանհինգամյակը։ Այս առիթով կարևոր եմ համարում քանի մի տեղեկություններ տալ «Անահիտ»֊ի ընթերցողներին ընդհանրապես ռուսահայ թատրոնի և մասնավորապես պ. Աբելյանի մասին։

Հովհաննես Աբելյանը կովկասահայ է, ծնվել է Շամախի 1865 թ. հոկտեմբերին, հետևաբար, հազիվ 42 տարին բոլորած' տակավին հեռու է ծեր համարվելու հասակից։ Իր սկզբնական կրթությունը նա ստացել է հայ տարրական ուսումնարանում, ապա անցել է Բաքվի ռուս ռեալական դպրոցը։ Չորրորդ դասատնից նա թողնում է ուսումը և նվիրվում բեմական արվեստին։ Սկզբում մասնակցում է թատերասերների ներկայացումներին, ապա անցնում է ռուս բեմ և միառժամանակ խաղում է աննշան դերեր գավառական խմբերի հետ, երբեմն բեմ ելնելով նույնիսկ օպերետներում։ 1886 թՎին տեղափոխվում է Թիֆլիս և ընդունվում անգամ հայ մշտական խմբի, որ այն միջոցին ղեկավարվում էր, տակավին գոյություն ունեցող, այսպես կոչված, «Թատրոնական ակումբի» ձեռքով։

Հարուստ չէ այս կենսագրությունը նույնիսկ մի դերասանի համար, բայց Աբելյանի արժեքը նրա կենսագրության արտաքին հարստության մեջ չէ։ Ակումբը, որի մասին հիշեցի, մի խումբ ունևոր հայերի մի շրջան էր, որ Պոլսից հրավիրելով մի շարք դերասաններ, ինչպես Ադամյան, Մնակյան, Աստղիկ, Գարագաշյան քույրեր, Սիրանուշ, Հրաչյա և այլն, միջոց էր տվել նրանց՝ իրանց ավելի կամ պակաս ձիրքը զարգացնելու հայ թատրոնական բեմի վրա, փոխանակ այն աղավաղելու տաճկական օպերետներում՝ տաճկերենի համար։