Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/323

Այս էջը սրբագրված է

որ ամբոխը դերասանին ուսերի վրա է դուրս րերում թատրոնից, երբեմն նույնիսկ բաց է թողնում կառքի ձիերը և ինքը լծվում։

Հայտնի բան է, որ թատրոնը բազար դարձնելով-ամբոխը վիրավորում է գեղարվեստը և չի թույլ տալիս դերասանին առաջադիմելու։ Դերասանը չի կարողանում իսկական գնահատողներին զատել պատանիներից և երեխաներից ու սկսում է երևակայել, որ իրավ ինքը ամբողջ թատրոնական հասարակության կուռքն է և շուտով հանգչում է իր թատրոնական դափնիների վրա։ Ահա ինչու նրա աոաջադիմությունն այնքան դանդաղ է ընթանում և ահա ինչու այսօր մի ձեռիդ հինգ մատերն էլ շատ են ճաշակ ունեցող և մտքով զարգացած հայ դերասանների թիվը հաշվելու համար։


… Կա մի ուրիշ հանղամանք ևս, որի մասին չի կարելի լռել, այդ մամուլի կամ, այսպես կոչված, ռեցենզենտների կատարած դերն է։ Տարօրինակ և համենայն դեպս հոգեբանական տեսակետից հետաքրքրական մի զանգված է ռուսահայ քննադատը։ Սկսենք նրանից, որ հայ լրագրում թատրոնի և նույնիսկ երաժշտության մասին «ռեցենզիա» կարող է գրել ամեն ոք։ Այս մասին չի պահանջվում ո՛չ որևէ մտավոր պատրաստություն, ո՛չ ճաշակ, ո՛չ լսողություն։ Հայ թատրոնը, ինչպես և Հայ գրականությունը, փողոցում դրած մի հասարակական կշեռք է, որի վրա կարող է բարձրանալ ամեն մի անցորդ յուր ծանրությունը կշռելու համար, նույնիսկ սովորական 10 սանտիմը չձգելով այնտեղ։ Յուրաքանչյուր հայ լրագրի էջեր բաց են ամեն մի ցանկացողի համար։ Հաճախ թատրոնական քննադատի պաշտոնը տրվում է նորավարտ ուսանողներին։ Ա՜խ, այս նորավարտ ուսանողները։ Ես կյանքումս ավելի հավակնոտ, ավելի խստապահանջ հասարակություն չեմ տեսել։ Նրանց թատրոնական և դրական քննադատությունները սոսկալի են։ Դիպլոմը ծոցում, նրանք կարծում են, թե արդեն կլանել են գեղարվեստի ամբողջ շտեմարանը,