Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/340

Այս էջը սրբագրված է

ներկայացրել է այնքան գեղեցիկ, այնքան գրավիչ, որ դիտողը պատրաստ է ժամերով սքանչանալ գույների այդ շքեղությամբ և դիրքի իրականությամբ, եթե նրան կից չին հին ավելի աճող պատկերներ։ Նրբությունը հասցրած է կատարելության և կատարելապես հիշեցնումէ Մուրիլլոյի վրձինի քնքշությունը։ Equsquiza-ի «Քյունդրի»-ն այնքան հրաշալի է, որ չգիտեք ինչպես բաժանվել կտավից։ Իսկ Բերթոնի, Ժերվեքսի, Բուլարի, Սալայի և տասնյակ ուրիշ պորտրետիստների կանայք մի-մի գլուխ-գործոց են, որոնք կարող էին պատիվ բերել կլասիկ հանճարներին։ Գաբրիել Ռոժիեի «Soir Calme»-ն ապշեցնում է այդ խաղաղ տրամադրության մեջ գտնվող գեղեցկուհու դեմքի նրբությամբ և գծերի քնքշությամբ։ Իսկ հագուստը, այդ թափանցիկ վարդամանիշակագույն հագուստը այնքան ռեալական է, իլյուզիոնը այնքան կատարյալ է, որ դժվարանում եք հավատալ, թե դրանք գույներ են։

Եվ իրականությունն է, որ տալիս է այդ բոլոր գործերին այնքան գեղեցկություն, հրապույր։ Չգիտեմ, կարելի՞ է լինել այնքան ճշմարտասեր, ռեալական, այնքան հավատարիմ կյանքին, որքան ֆրանսիացի արտիստը, լինի նա նկարիչ թե արձանագործ, դրամատուրգ թե արտիստ։ Ֆրանսիացու ֆանտազիան հռչակված է, բայց երբեք այդ ֆանտազիան կյանքի շրջանակից չի դուրս գալիս, նույնիսկ նրա ամենաֆանտաստիկ գործերի մեջ կյանքն է եռում։

Այդ բոլոր մերկ, կիսամերկ, հանգիստ և վրդովված, դեռահաս և հասուն կանայք, որոնք բևեռում են իրենց վրա դիտողի անհագ հայացքը, բոլորն ունեն իրենց օրինակները կյանքի մեջ։ Մեծամասնությունը ուղղակի պատվերներ են, և օրիգինալների անունները տպված են պատկերահանդեսի ցուցակի մեջ։ Բայց ձեր ի՞նչ գործն է, թե ում պատկերներն են, ձեզ հափշտակողը արտիստի վրձինն է։ Ռաֆայելի հայրը եղել է մի միջակ նկարիչ, սակայն ոչ մի նրա ժամանակակից նկարիչ չի կարողացել նրա պես սքանչելի նկարել հրեշտակները։ Եվ գիտե՞ք ինչն է պատճառը, որ նա կարողացել է այնպես զարմանալի գեղեցիկ կենդանացնել կտավը — Ռաֆայելի գեղեցկությունը։ Հանճարեղ նկարիչը պատանի հասակում ունեցել է իրավ հրեշտակային կերպարանք։ Եվ հայրը իր