Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/353

Այս էջը սրբագրված է

և այլն։ Երաժշտական նոր մոտիվներ խելագարները չեն հորինում կամ երդում, այլ սովորաբար կրկնում են այն, ինչ որ լսել են իրանց առողջ ժամանակը։

Հետաքրքրականն այն է, որ խելագարները մի բան չեն գրում երբեք... դրամա։ Մարսեչ Ռիժան այս հանգամանքը բացատրում է նրանով, որ խելագարներն առհասարակ նեղ սուբյեկտիվ են։ Նրանք միշտ ղբաղված են իրենց սեփական զգացմունքներով ու մտքերով և ոչ մի հետաքրքրություն չունին դեպի ուրիշների ներքին աշխարհը։ Այնինչ, դրաման,— ասում է հայտնի քննադատ էմիլ Ֆագիեն,— գրականության բոլոր ճյուղերից ամենաօբյեկտիվն է։

Խելագարները դրամա չեն գրում, ուրեմն դրամա գրողը պիտի լինի խելոք, այսինքն՝ օբյեկտիվ։ Այն վայրկյանից, երբ դրամատուրգն սկսամ է զբաղեցնել հանդիսականին իր անձնականով, այսինքն՝ իր հերոսներին մտածել և զգացնել է տալիս այնպես, ինչպես ինքն է մտածում և զգում, դադարում է լինել բեմական ստեղծագործող. Անվանեցեք նրան քարոզիչ, գիտնական, ինչ կամենաք, բայց ոչ բանաստեղծ, ոչ հոգեբան, այն է՝ ոչ դրամատուրգ։

Դրամայում խոսում ու գործում են դուրս բերված անձինք։ Հեղինակը նրանց ուղեկիցն է և ոչ հուշարարը, հետևաբար պարտավոր է հայելին այնպես պահել, որ միշտ այնտեղ անդրադառնան նրանց և միմիայն նրանց պատկերները։

Ֆրանսիացու այս կենդանի պահանջը նոր չէ։ Այն է, որ տալիս է կյանք ոչ միայն թատրոնին, այլև գրականությանը, այլև գեղարվեստներին։ Լուրջ քննադատությունը, ներկայացվող պիեսները վերլուծելիս կյանքի ճշմարտությունն է, որ ունի ելակետ իր համար։ Բնականություն սյուժեի, հանգամանքների և հավատարմություն կյանքին, այսինքն՝ իրականությանը, տիպերի կամ բնավորությունների՝ ահա ինչ է պահանջվում այժմյան պիեսներից։ Գաբրիել Թրաբիոն ժամանակակից տաղանդավոր դրամատուրգներից մինն է և ունի ահագին հաջողություն։ Այս օրեր, ներկայացվեց նրա մի նոր գործը՝ «Alibi», զինվորականների կյանքից։ Պիեսի առաջին արարվածը հոգեբանորեն ճիշտ է արտադրված, կենսական է, երկրորդը՝ պակաս աջող, երրորդում հեղինակը շեղվում է իրա-