Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/354

Այս էջը սրբագրված է

իրականությունից և իր հերոսների համար ստեղծում է կեղծ դիրքեր, և ահա այն վայրկյանից, երբ նա շեղվում է, հանդիսականը այլևս չի լսում պիեսը և սկսում է հորանջել։

Ես պաշտում եմ ֆրանսիացու կենսասիրությունը, նրա անողոք պահանջը գրականությունից և գեղարվեստներից, կյաՆք, կյանք և կյանք։ Միայն այն գործն է բարձր բանաստեղծական և գեղարվեստական, ուր կյանքը եռում է, միևնույն է՝ իր լավ թե վատ կողմերով։

Պոլ Բուրժեն այս տարի փորձեց իր վեպերից մեկը վերածել պիեսի և ներկայացրեց այն «Ապահարզան» վերնագրով։ Բուրժեն ապահարզանի դեմ է և կամենում է ապացուցել, որ այն շատ դեպքերում վնասակար է։ Թող այսպես լինի չենք վիճում, բայց գլխավորն այդ չէ։ Գլխավորն այն է, որ նուրբ հոգեբան համարվող վիպասան Բուրժեն աջողություն չունեցավ իբրև դրամատուրգ։ Սակայն ոչ այն պատճառով, որ նրա պիեսում կյանքը չկար, ընդհակառակը Բուրժեն խիստ կենսական է, այլ որովհետև նա իր պիեսի մեջ ևս մնաց վիպասան։ Այլ է վեպ, այլ է դրամա։ Ես հիշում եմ Բելինսկու մի գեղեցիկ համեմատությունը վեպի և դրամայի վերաբերմամբ։ Դրեք մի նուրբ նկարված պեյզաժ բեմի վրա, և թող հանդիսականը նայի նրան դահլիճից։ Նկարը որքան և սքանչելի լինի, տպավորություն չի անի։ Մինչդեռ խոշոր շտրիխներով նկարված, մոտիկից կոշտ ու կոպիտ դեկորասիոնը որքա՜ն նուրբ և տպավորիչ է թվում։

Բայց օբյեկտիվ լինել գեղարվեստի մեջ՝ դա ստեղծագործության ամենադժվար պայմանն է։ Շեքսպիրը բարձրագույն օբյեկտիվության օրինակն է դրամայի մեջ։ Դրամատուրգը, երբ իր անձը խոթում է իր գործի մեջ, ձանձրալի է և հակակրելի։ Այս դեպքում նա նման է այն աներես մուրացկանին, որ կտրում է ձեր ճանապարհը փողոցում և իր ցավը երգելով աշխատում է կարեկցություն շարժել ձեր մեջ դեպի իր զավակները… Հարկավ այդ տեսակ մուրացկանին չեք խղճում և, երբ նա միևնույն երգն է երգում, սկսում եք կասկածել, արդյո՞ք այդ ցնցոտիապատ փոքրիկները, որ կպել են նրա փեշերից, նրա հարճս զատ զավակներն են։

… Ժամանակակիդ ֆրանսիական դրամատուրգների մեջ