սպառնանքների առջև, նա ծայրահեղ ինդիվիդուալիստ է և իբրև այսպիսին` երկաթե բնավորություն ունեք: Այս խոստովանում են նրա կատաղի թշնամիներն անգամ։ Արդ, ինչպես նա կարող է մազու չափ դավաճանել Զոլայի հիշատակին, այն մարդու, որին նա շատ բան է պարտական այսօրվա իր բարձր դիրքի մեջ։ Նա ուղղակի չկամեցավ խորհրդավոր հանդեսին սովորական փողոցային թափորի կերպարանք տալ, Մեծարանքր նշանակված էր Պանթեոնում և այնտեղ էլ պիտի կատարվեր, ճիշտ այդպես կատարվեց երկու տարի առաջ և Բերտլոյի թաղումը։ Հռչակավոր գիտնականի և հայրենասերի դիակն էլ մի օր առաջ բերեցին Պանթեոն, այն էլ ոչ երեկոյան յոթ ժամին, այլ կեսգիշերին։
Իննուկես ժամն էր միայն առավոտյան, երբ շտապեցի դեպի հանդիսավայրը։ Կարծում էի, որ ժամանակին եմ գնում։ Բայց արդեն Պանթեոնը սլաշարված էր ամբոխով, զորքերով և ոստիկաններով։ Ես ծուլացել էի վաղօրոք մի անցատոմս ձեռք բերել, որ դժվար բան չէր, բայց ես հույս ունեի նախ իմ աստղի, ապա ֆրանսիացու սիրալիրության վրա։ Եվ չսխալվեցի։
Պանթեոնում ասեղ գցելու տեղ չկար։ Կենտրոնում, միշատ բարձր դիակալի վրա դրված էր հանգուցյալի աճյունը նոր դագաղի մեջ։ Անթիվ պսակներ և փնջեր զարդարում էին դիակալը։ Մի կողմում կանգնած էր սևազգեստ տիկին Զոլան, բարձրահասակ, ալեխառն մազերով մի կին իր երկու որդիների հետ։ Նա շրջապատված էր հանգուցյալի մերձավոր բարեկամներով։ Այստեղ էր ի միջի այլոց Ալֆրեդ Դրեյֆուսը։ Նա եկել էր իր երախտագիտությունը մատուցանելու իր ազատարարին։
Դագաղի մյուս կողմում կանգնած է հանրապետության նախագահը իր շքախմբի հետ շրջապատված պառլամենտի և սենատի նախագահներով և մինիստրներով։ Այդտեղ էին օտար պետությունների դեսպաններն իրենց համազգեստներով, սենատորները, պառլամենտի անդամները, գիտնականները, արդարադատության ներկայացուցիչներն իրենց կարմիր ուդեղին քղամիդներով, Ակադեմիայի անդամները,հայտնի գրողները, երաժիշտները, նկարիչները, արտիստները և այլն։