Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/365

Այս էջը սրբագրված է

ԿՅԱՆՔ ԵՎ ԳԵՂԵՑԿՈԻԹՅՈԻՆ

Այս օրերս Օդեոնում ներկայացրին երկու նոր պիեսներ՝ ոտանավորով գրված, որ եկան մի ավելորդ անգամ ապացուցանելու, թե կարելի է շինել լավ բանաստեղծ, բայց անպետք դրամատուրգ։

Պետք է ասել, որ Փարիզի թատրոնները խիստ անուշադիր են դեպի այն բանաստեոծները, որոնք ճգնում են ինչպես և է իրենց երկերը բեմ դուրս բերել։ Հարկավ, խոսքը այնպիսիների մասին չէ, որոնք բանաստեղծներ լինելով հանդերձ, ընտիր դրամատուրգներ են. օրինակ՝ Կատյուլ Մենդես, Ռիշպեն և այլն, այլ զուտ քնարերգուների մասին։

Բայց կա տարվա մեջ մի շրջան, երբ թատրոնների դիրեկտորները ավելի բարեհաճ են դեպի բանաստեղծները։ Հա գարնանային սեզոնն է, երբ շոգերն սկսվում են, և երբ հայտնի դրամատուրգները չեն համաձայնում իրենց գործերը բեմ դուրս բերել։ Այդ միջոցին հանգավոր երկերը տեսնում են լամպի լույսը։ Բայց ինչպե՜ս։ Քսավիե Ռուն ուղղակի ողբալի է նկարագրում հանգավոր պիեսների վիճակը, Դիրեկտորները կրճատում են նրանց անխնա, ռեժիսյորները փորձերը վարում են վերին աստիճանի անփույթ, բեմը հարդարում են հնամաշ դեկորասիոնով, դերասանուհիները նոր հագուստներ չեն պատվիրում և այլն։ Մի խոսքով անում են, ինչ ուզում են, և խեղճ բանաստեղծներն ստիպված են խոնարհվել, եթե, իհարկե, փափագում են, որ իրենց երկերը հասարակության առջև դուրս բերվին։

Մեծ մասամբ հանդիսականները հորանջում են այդ երկերը բեմից լսելիս։

Հորանջեցի և ես, տեսնելով վերոհիշյալ երկու պիեսները, ափսոսալով և՛ դրամս, և՛ ժամանակս։

Այնինչ երկուսն էլ, իբրև գրական գործ, իբրև բանասսեղծություն, արժանի են խորին ուշադրության և կարող են հետաքրքրությամբ կարդացվիլ։ Մեկի անունն էր «Նիրվանա», դրամատիկական պոեմա չորս արարվածով, հեղինակություն Պոլ Վերոլայի, մյուսինը՝ «Վելլեդա», հեղինակություն երիտասարդ բանաստեղծ Մորիս Մագրի, որ հայտնի է իբրև