Բեմի վրա մնում են զղջացող ամուսինները։ Նրանք երկուսն էլ հանցավոր են հավասար, ուստի և ոչ մեկը մյուսի դատավորը չի կարող լինել։ Ի՞նչ է մնում անել։ Բաժանվե՞լ։ Ոչ, այդ շատ բանալ վերջավորություն կլինի։ Ժերմենն այժմ ավելի է սիրահարված իր ամուսնու վրա, քան երբևէ։ Վերջապես այժմ, արգելված պտուղը ճաշակելուց հետո, էտիենն էլ սիրում է իր ամուսնուն։ — Մենք երկուսս էլ դժբախտ ենք,— ասում է էտիենը, գլուխը կրծքին թեքելով և ծանր հառաչելով։ ֊ — Այո,- հաստատում է Ժերմենը և բատիստյա նուրբ թաշկինտշակը սեղմում իր գեղեցիկ աչքերին։ Հեղինակը վճռում է նրանց հաշտեցնել և հաշտեցնում է։ Թե այսուհետև նրանք ինչպես պիտի կենակցեն՝ այս նրա գործը չէ։ Վարագույրն իջնում է, պիեսը վերջանում։
Ի՞նչ է կամենում հեղինակը ապացուցանել այդ ամենքից գովված պիեսով։ Ըստ իմ ենթադրության՝ երկու բան։ Նախ, որ ամուսնական կյանքում զգացումների անհավասարակշռությունը վտանգավոր է ավելի զգայուն կողմի համար։ Թեզը բավական հին է և հազար անգամ վերլուծված։ Երկրորդ, որ ժամանակակից տղամարդը կնոջ վերաբերմամբ փարիսեցի է, կեղծ, չունի քաջություն իր իսկական հոգին պարզ ցույց տալու, որովհետև մաքուր չէ այն, և կինը այս դեպքում պարզ է, ավելի համարձակ։ Էտիենը քաջություն չունի կնոջը հայտնելու իր գրգռման և դժգոհության իսկական պատճառը, այն է, թե փափագում է մի ուրիշ կնոջ գուրգուրանքն ևս վայելել, մինշդեռ Ժերմենը նրան պատմելու համար դավաճանում է ամուսնական առագաստին և համարձակ խոստովանում իր հանցանքը։
Այս երկու թեզերից ոչ մեկի վերլուծումը բավարար չէ, որովհետև գործող անձանց հոգեբանական կազմը լուսաբանված է շատ թույլ։ Պիեսի մեջ, ինչպես տեսաք նրա բովանդակությունից, գործողություն չկա, այլ ամբողջ ժամանակ զրույց և վիճաբանություն, դատողություններ անվերջ, տաղտկալի, Բայց այս դեռ ոչինչ։ Հոգեբանական պիեսներին այս