ավելի գեղարվեստական ավելի փիլիսոփայական և սակայն Շիրվանզադեն մնում է համառորեն առևտրի ու շահի նույն տաղտկալի աշխարհում, գործակատարների ու աֆերիստների նայն տարտամ շրդանում, կեղծ ու անվճար մուրհակների, սնանկությունների կախարդական հանգույցներում և այլն» (ընդգծումները մերն են)։
Դժվար է երևակայել ավելի խոշոր զրպարտություն մի հեղինակի վերաբերմամբ, քան Ս. Հ․-ի այն տողերը, որ ես ընդգծեցի։ Պարոնի ասելով, դուրս է գալիս, որ ես 25 տարի շարունակ նկարագրել եմ միմիայն մի շրջան, այն է՝ Հայ հասարակության բացասական տիպերի շրջանը և ոչ մի լավ բան, ոչ մի նոր մարդ, նոր բնավորություն ինձ չի ոգևորել։
Արդ, մի կողմ թողնելով կեղծ համեստությունը, թույլ եմ տալիս ինձ ամենայն համարձակությամբ ասելու և շեշտելու հետևյալը. «Ռուսահայ գեղեցիկ գրականության մեջ՝ սկսած Աբովյանից մինչև մեր օրերը, ո′չ մի վիպասան, ո′չ մի դրամատուրգ ո′չ մի բարքուվարքերի արձանագրող այնքան բազմակողմանի չի եղել, որքան տողերիս հեղինակը իր երկերի մեջ», որոնց բովանդակությունը առանց երկար մտածելու Ս. Հ.֊ն անվանում է միակողմանի։
Այս բանը դեռ սրանից տասնչորս տարի առաջ նկատել է ռուս հեղինակ Յուրի Վեսելովսկին իր «Армянские беллетристы» հրատարակության 2-րդ հատորում։
Չկա ռուսահայերի մեջ մի շրջան, մի դասակարգ, որ ես շոշափած կամ նկարագրած չլինեմ։ Որպեսզի ցույց տամ, թե որքան թեթև վերաբերմունք է ցույց տվել դեպի քննադատական խոսքը պ. Ա. Հ.֊ն, բավական է ասել, որ իմ երեսունուվեց վիպական և բեմական երկերից միայն և միայն երեքի սյուժեն է վերցված բացառապես այն դասակարգի կյանքից, որ Ս. Հ.-ն հանգիստ խղճով անվանում է «աֆերիստների» դասակարգ, այսինքն՝ վաճառականների շրջանից։ Այս երեք երկերն են' «Գործակատարի հիշատակարանից», «Պատվի համար» և «Ավերակների վրա»։
Մնացյալ երեսանուերեք երկերը մեծ մասամբ ոչինչ և փոքր մասամբ շատ քիչ առնչություն ունեն վաճառականության, «առևտրի և շահի տաղտկալի աշխարհի» հետ, որպեսզի