Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/382

Այս էջը սրբագրված է

ժողովրդական թատրոնը «ահագին» բազմություն է պրտվում։

Ոչ ոք չի կարող հակառակել, որ հայ ժողովրդին հարկավոր են էժանագին ներկայացումներ։ Նույնիսկ ինքը թատրոնը իր ապագա հառաջադիմության համար պետք է սերտ կապված չինի ժողովրդի հետ և աշխատի այնտեղ հաստատել իր գոյության հիմքը։ Սակայն էժանագին ներկայացումները չեն։ որ պիտի փրկեն թատրոնը։ Նրանք շատ-շատ օժանդակիչ ուժեր են, մի տեսակ նախակրթարան, որ իսկական թատրոնի համար հասարակություն է պատրաստում։ Բայց շատանալ միայն նախակրթարանով, կնշանակե թողնել թատրոնը իր մանկական վիճակում կամ դատապարտել նրան կենդանի մահացման։

Ինչ ուզում են ասեն ժողովրդի անունից խոսողները, թատրոնը շքեղություն է (Luxe) Այն նախ և առաջ արվեստ է ապա դպրոց։ Ինչպես բոլոր արվեստները, նույնպես և թատրոնը իր կատարյալ զարգացման համար պահանջում է դրամական մեծ օժանդակություն։ Ժողովրդական էժանագին ներկայացումներով դուք ոչ տաղանդավոր դերասաններ կունենաք, ոչ շքեղ բեմ ու արդուզարդ և ոչ, մանավանդ, ինքնուրույն ռեպերտուար։ Ինչպես մի աղքատ մարդ չի կարող տաղանդավոր նկարչի կամ արձանագործի աշխատություն դնել, նույնպես և էժանագին ներկայացումներով չեք կարող թատրոն ստեղծել։ Ես ասում եմ թատրոն եվրոպական մտքով, այնպիսին, որ ունին բոլոր քաղաքակիրթ ազգերը, և ոչ մի ողորմելի տախտակամած, ուր ամեն մի անգործ, որ օրինավոր քայլել անգամ չգիտե, հանուն արվեստի, ծամածռություններ է անում։

Անսահման գովելի է ամեն ինչ ժողովրդականացնել և դարձնել մատչելի բազմությանը, բայց ժողովուրդը և նրա ճաշակը չէ, որ պիտի մշակեն թատրոնը, այլ, ընդհակառակը, արվեստն է, որ պիտի կրթե նրան։ Դժբախտաբար, այդ արվեստն այնքան թանկ է, որ ժողովուրդը իր հինգ-տասը կոպեկներով չի կարող պահպանել։ Դերասանը պահանջում է, որ բեմն իր ապրուստն ապահովի։ Թատրոնը պահանջում է, որ յուրաքանչյուր պիես ներկայացվի հեղինակի նախագծած դե կորասիոնով և հագուստներով։ Կկատարեք այդ պահանջնե