Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/395

Այս էջը սրբագրված է

դեսպանատների առաջին կոչեցյալ հանդիսավոր ճաշերին և ընդունելություններին։

Հազիվ 2 ֆրանկ ծախսելով դուք ստանում եք իսկական գեղարվեստական հաճույք, Եվ երբ հանդեսը վերջանում է, դուք վերադառնում եք տուն հուզված և զգացված, Դուք համեմատում եք այդ տպավորությունը ձեր հայրենիքի բարերեկույթներից, երեկույթներից և այսպես կոչված համերգներից ստացած տպավորության հետ և գերադասությունը տալիս եք կաբարեին: Այնտեղ կա և դրականություն, և երաժշտություն, և ազատ ասպարեզ ազատ տաղանդի ազատ զարգացման համար. Այնտեղ արտիստը արտիստ է նույնիսկ թշվառության մեջ։ Այնտեղ նույնիսկ արբշիռը անկեծ արցունքներ է խլում ձեր աչքերից...

Բայց արեք արտիստական կաբարե, եթե կարող եք։ Բայց ոչ, մենք ընդունակ չենք, մենք այն շուտով կդարձնենք կաբակ...

II

էդմոն Ռոստան և ֆրանսիական քննադատները: Բեմի գաղտնիքը: Վեպ և դրամա

Ֆրանսիացի գրականական և թատերական քննադատները իրանց բազմաթիվ արժանավորությունների հետ ունեն մի խոշոր թուլություն, որ բավական նսեմացնում է նրանց գործը։ Նրանք չափազանց ներողամիտ են իրանց հեղինակների վերաբերմամբ և չափազանց խստապահանջ դեպի օտարները։

Իբսենին նրանք չսիրեցին, համարելով նրա գործը ձանձրալի և մութ։ Հաուպտմանի մասին հազիվ խոսում են։ Զուդերմանին պատիվ են անում, համարելով նրան Դյումա-որ-դու հետամնաց աշակերտ։ Սրանից չորս տարի առաջ Կատուլ Մենդեսը, այժմ հանգուցյալ, դրեց, թե ֆրանսիացիներին Շեքսպիրը սիրելի է այն պատճառով, որ նրա երկերը հիշեցնում են Կոռնելին և Ռասինին։ Նա կատակ չէր անում։ Ազգամոլությունը ավելի անհեթեթ բան չէր կաբող ասել։ Նույն Կատուլ Մենդեսը գովում է ֆրանսիական հեղինակների բոլոր գործերը անխտիր։