որոնք գտել են բեմի գաղտնիքը և գիտեն հասարակությանը ստիպել իրանց լսելու անձանձրույթ։ Համաձայնեցեք, որ դյուրին բան չէ հանդիսականներին երեք֊չորս ժամ դրաղեցնել ոտանավորներով, այն էլ այժմյան ֆրանսիացի հանդիսականին, որ իր հայրերի և պապերի սերը չունի դեպի ժանգերով գրված երկերը և նույնիսկ չի սիրում։
Բեմը գաղտնիքներ ունի, որոնց ուսումնասիրելու համար տարիներ են հարկավոր։ Եվ վայ նրան, որ առանց ուսումնասիրության շտապում է գրավել այն։ Այն մի լպրծուն հող է, ով չէ պաշտպանված երկաթե կրունկներով։
Անցյալ և նախընթաց տարիները հայտնի վիպասան Պոլ Բուրժեն մի երկու փորձ արավ բեմ դուրս գալու։ Նա գուցե միակ վիպասանն էր Անատոլ Ֆրանսից հետո, որ մինչև այդ ժամանակ մնացել էր անտարբեր դեպի հրապարակական ծափերը: Բայց նա ևս հափշտակվեց և իր վեպերից մի երկուսը վերածեց պիեսների ու տվեց ներկայացնելու։ Հաջողությունը միջակից էլ վար եղավ։ Ճշմարիտ է, քննադատները այգ պիեսներն էլ գովեցին, բայց ֆրանսիացին նրբամիտ է, նա գիտե կեղծիքը զատել անկեղծությունից։
Իբրև նուրբ հոգեբան' Պոլ Բուրժեն իր հասցեին ուղղված հաճոյախոսությունների մեջ կարողացավ իսկույն տողամեջ կարդալ կծու ակնարկներ։ Եվ շտապեց իրան արդարացնել, նա ասաց, թե բեմը հոգեբան֊վիպասանի համար խիստ սահմանափակ մի շրջանակ է, թե պետք է միայն Շեքսպիր լինել երեք֊չորս ժամվա ընթացքում մի շարք մարդկանց հոգեկան աշխարհը վերլուծելու և պարզաբանելու և այլն, և այլն։
Սակայն այդ սոսկ մի պատճառաբանություն էր, որ ոչ միայն ոչ ոքի չհամոզեց, այլև ավելի ընդգծեց Պոլ Բուրժեի տկարությունը իբրև դրամատուրգի։
Բեմը սահմանափակ է հոգեբանի համար. ի՜նչ մոլորություն։ Կարծես, Դյումա֊որդու«Կամելիազարդ տիկնոջ» մեջ պակաս հոգեբանություն կա, քան նրա հոր վեպերի մեջ, կամ Իբսենի մի հատիկ «Սիրո կոմեդիանտ»՝ իբրև սիրո հոգեբանական խորը վերլուծում, չարժե իր իսկ' Բուրժեի տասնյակ հատորներին։
Դրաման այն է գեղեցիկ գրականության մեջ, ինչ որ ար