կրծքին։ Նույն վայրկյանին Դիանն և տիկին Արմորին մեջ են ընկնում և իրանցով պատսպարում փաստաբանի թանկադին մարմինը։ Երկու սիրող կանանց մեջ, աջից ու ձախից ղրկված քառասնամյա Ռոմեոն ազատվում է մահից, որովհետև Գաստոնի ձեռը թուլանում է և ատրճանակը ձգում սեղանի վրա։
—Ու՞մ ես սիրում մեր երկուսից,— հարցնում է տիկին Արմորին իր ամուսնուն։
Փաստաբանը մի վայրկյան խորհում է, ապա դրական եղանակով պատասխանում է․
—Ահա սրան։
Եվ ջերմագին գրկում է Դիանին։
Դիանը երջանիկ է։ Սակայն հեղինակը չի կամենում, որ նա վայելի իր երջանկությունը։ Նա ստիպում է սիրուն, կենսախինդ պատանուհուն՝ վերցնել սեղանի վրայից իր եղբոր ատրճանակը և գնդակը բացթողնել կրծքին թե գլխին, մոռացել եմ։
Դիանը մեռնում է իր սիրեկանի գրկում։ Դրաման վերջանում է, հասարակությունը ցրվում է հուզված...
Ես դիտմամբ այսքան մանրամասն պատմեցի Հանրի Բաթայլի այդ նոր դրաման, որովհետև այն ահագին աղմուկ բարձրացրեց Փարիզի մամուլի, հասարակության մեջ։ Կարող եմ ասել, որ ամբողջ սեզոնի ընթացքում ոչ մի պիես այդքան աղմուկ չէր բարձրացրել և այդքան գովասանքի չէր արժանացել։ Պիեսը բեմ դուրս բերվեց առանց ռեկլամների և միանգամից հափշտակեց բոլորին։ Շատերը այն գերադասեցին Ռոստանի Chantecler-ից։ Եվ կարծեմ, իրավացի․․․
Հոդվածի վերնադիրը կրում է պիեսի անունը՝ La viergefolle, որ բառացի թարգմանությամբ ասել է, խելագար կույս․ սակայն այդ վերնադիրը վերցրած է Ավետարանից։ Հիշո՞ւմ եք տասը կույսերի առակը, որոնցից հինգը իմաստուն են եղել, հինգը՝ հիմար և իրանց լապտերների յուղը սպառելով, չեն արժանացել հարսանիքի խրախճանին։ Արդ, հիմար կույսը Դիանն է, որ իր սերն սպառելով չի արժանացել կյանքի երջանկության։
«Հիմար կույսի» աջողությունը ոչ այնքան նրա իսկական